Վիրջինիայի նահանգի և Կոլումբիայի օկրուգի իշխանությունները հայց են ներկայացրել դաշնային դատարան՝ պահանջելով դադարեցնել հաղթական կամարի կառուցումը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է կանգնեցնել Վաշինգտոնի Memorial Circle-ի մոտ, հայտնել է NBC News-ը։
Վարչակազմը մտադիր է աշխատանքները սկսել նոյեմբերի 5-ին։
Վիրջինիայի գլխավոր դատախազ Ջեյ Ջոնսը և Կոլումբիայի օկրուգի գլխավոր դատախազ Բրայան Շվալբը հայտարարել են, որ նախագիծն այդ տարածքներին «անմիջական և անդառնալի վնաս» կհասցնի։
Նրանց խոսքով՝ կամարը տեղակայվելու է երկու վարչական միավորների սահմանին գտնվող բանուկ տրանսպորտային հանգույցում՝ Պոտոմակ գետի մերձակայքում գտնվող պատմական նշանակություն ունեցող գոտում։
Հայցվորները պնդում են, որ Թրամփի վարչակազմը խախտում է մի շարք դաշնային օրենքներ, այդ թվում՝ հուշակառույցների մասին օրենքը, քանի որ նախագիծը, նրանց կարծիքով, պահանջում է Կոնգրեսի հատուկ հավանությունը։ Բացի այդ, նրանք վիճարկում են շենքերի բարձրության սահմանափակումների, բնապահպանական օրենսդրության և պատմական ժառանգության պահպանության կանոնների պահպանումը։
Ըստ ծրագրերի՝ կամարի բարձրությունը կգերազանցի 130 ֆուտը՝ մոտ 40 մետր։
«Կամարի կառուցումն օրենքի աղաղակող խախտում է և լուրջ, անմիջական ու անդառնալի վնաս կհասցնի Կոլումբիայի շրջանին և նրա բնակիչներին», — հայտարարել է Շվալբը։
Ջոնսը նախագիծն անվանել է սեփական անունը հավերժացնելու՝ Թրամփի ապօրինի փորձ և ընդգծել մերձակայքում գտնվող Արլինգթոնի ազգային գերեզմանատան արժանապատվությունը պաշտպանելու անհրաժեշտությունը։
Մայրաքաղաքային տարածաշրջանի պլանավորման ազգային հանձնաժողովն ավելի վաղ հավանություն էր տվել նախնական նախագծին։ Հանձնաժողովի վերջնական քվեարկությունը նշանակված է նոյեմբերի 5-ին՝ նույն օրը, երբ վարչակազմը նախատեսում է սկսել շինարարությունը։
Սպիտակ տունն իր հերթին կամարն անվանել է Վաշինգտոնի ապագա խորհրդանշական տեսարժան վայր և ամերիկացի զինվորականների անձնազոհության խորհրդանիշ։ Վարչակազմի ներկայացուցիչ Դևիդ Ինգլը ներկայացված հայցն ուղղակիորեն չի մեկնաբանել։
Թրամփը նաև պնդել է, որ կառույցը կարող է ծառայել ազգային անվտանգության նպատակներին, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և դիպուկահարների տեղակայման համար։ Սակայն հանձնաժողովին ներկայացված վերջնական նախագծերում այդ ռազմական տարրերը նշված չեն։





























