ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել Իրանին նոր հարվածներ հասցնելու վերաբերյալ՝ չնայած խաղաղ բանակցությունների տեղապտույտին։ Վաշինգտոնը նախընտրում է դիվանագիտական կարգավորումը, սակայն պահպանում է ռազմական գործողությունների պատրաստակամությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, փոխանցել է AFP-ն։

«Մենք կարող ենք հասնել ռազմական նպատակներին, եթե որոշենք գործել։ Նա դեռ որոշում չի կայացրել։ Այսօր այս առնչությամբ հայտարարելու բան չունեմ, և մենք դրան թեթևամտորեն չենք վերաբերվում», — ասել է Ռուբիոն հոկտեմբերի 30-ին Ատլանտայում G20-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Պետքարտուղարի խոսքով՝ Թրամփը նախապատվությունը տալիս է հակամարտության դիվանագիտական լուծմանը։

Միաժամանակ, Ռուբիոն ընդգծել է, որ ամերիկյան զինված ուժերն ի վիճակի են կատարել առաջադրված խնդիրները, եթե նախագահն ընտրի ռազմական տարբերակը։

«Մենք կնախընտրեինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով», — հավելել է նա։

Ռուբիոն նաև Իրանի ղեկավարությանը մեղադրել է տարածաշրջանային անվտանգությանը սպառնալու մեջ։ Նրա խոսքով՝ Թեհրանը հասկացրել է, որ իր պահանջները չբավարարվելու դեպքում պատրաստ է հարձակվել հարևան երկրների և ողջ տարածաշրջանի նավերի ու էներգետիկ ենթակառուցվածքի վրա։

Պետքարտուղարը կոչ է արել նման սպառնալիքները չընկալել որպես սովորական քաղաքական հռետորաբանություն։