Սիբիրյան խոցով վարակված անձը Երեւանից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից:
Այլ մանրամասներ նրա մասին չհաղորդեցին, քանի որ հիվանդը չի ցանկանում: Միեւնույն ժամանակ, տեսչությունից տեղեկացրին, որ դեպքի մասին տեղեկացրել են Սննդի անվտանգության պետական ծառայությանը:
Սննդի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական վարչության պետ Հովհաննես Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այցելել են այդ խանութ, կասեցրել մսամթերքի բաժնի աշխատանքը,այլեւս այդտեղ միս չի վաճառվում, նմուշներ են վերցրել, ճշտել են, թե այդ օրը որտեղից է միս ստացել խանութը: «Գնացել ենք այդ տնտեսություն, կենդանիներին վերցրել հսկողության տակ, նախնական զննում, ջերմաչափով, արյան նմուշ ենք վերցրել, կենդանիներին առանձնացրել ենք, արոտավայր չենք թողնում, այս պահի դրությամբ չունենք հիվանդության մեջ կասկածվող կենդանի: Դեռ փորձաքննությունը չի ավարտվել, չունենք լաբորատոր փորձաքննության եզրակացությունը, որ սիբիրյան խոցը վարակվել է հենց կենդանուց, նախնական տեղեկություններով՝ վարակի աղբյուրը եղել է խոշոր եղջերավոր անասուն»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Նա նշեց, որ առայժմ նպատակահարմար չի համարում խանութի, տնտեսության վայրի անվանման հրապարակումը, քանի որ դեռ փորձաքննության պատասխանը չկա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 26-ին ձեռքի վերքերի գանգատով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է դիմել հիվանդ «սիբիրյան խոց (մաշկային ձեւ)» նախնական ախտորոշումով:
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կազմակերպված լաբորատոր հետազոտությունների արդյունքում ախտորոշումը հաստատվել է: Հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է միջին ծանրության, կազմակերպված անհրաժեշտ բուժման արդյունքում արձանագրվել է առողջացման դրական տեղաշարժ:
Վարակի աղբյուրի պարզաբանման նպատակով ՀՀ առողջապահության նախարարության մասնագետները ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետների հետ համատեղ ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ։ Արդյունքում պարզվել է, որ վարակի հավանական աղբյուրը վարակված մսեղիքի օգտագործումն է:
Հիվանդության տեղայնացման եւ հնարավոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել եւ շարունակվում են իրականացվել կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ՝ կասկածելի այլ հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում ներկայումս կասկածելի հիվանդներ չեն հայտնաբերվել, որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, կազմակերպվել են ախտահանման աշխատանքներ: Աշխատանքները շարունակվում են։




























