Երվանդ Ենգիբարյանի ամուսնության պատրաստվելու եւ մատանիներ պատվիրելու մասին լուրերը սարսափելի սուտ են: Այս մասին նշեց NEWS.am-ի խմբագրություն զանգահարած դերասանի մայրը՝ Լիանա Պողոսյանը՝ արձագանքելով մեր «Երվանդ Ենգիբարյանը պատրաստվում էր ամուսնանալ, նա արդեն մատանիներն էր պատվիրել» հրապարակմանը:
Լիանա Պողոսյանը նշեց, որ որպես մայր տեղյակ չէ, որ իր որդին մտադիր էր ամուսնանալ եւ մատանիներ է պատվիրել: Միեւնույն ժամանակ, Լիանա Պողոսյանը չհերքեց, որ որդու եւ Մարիամ Սարգսյանի միջեւ անձնական կապ է եղել, բայց ամուսնության մասին իրեն ոչինչ հայտնի չէ:
Լիանա Պողոսյանը հերքեց լուրերը, թե դերասանի պատվիրած մատանիները բերել են եւ տվել ընտանիքին: Դերասանի մայրն ասաց, որ որդին գնացել էր, հանդիպել վարպետներին, նայել մատանիները եւ ցանկացել էր պատվիրել, բայց չէր հասցրել նույնիսկ վճարումը կատարել: «Չի հասցրել վերցնել, խոսակցություն է եղել, խեղճ տղաս գնաց, խոսեց, նկարագրեց, ինչպիսին պետք է լինեն, բայց չհասցրեց վերցնի, նույնիսկ չվճարեց»,- փոխանցեց նրա մայրը:
Լիանա Պողոսյանը վրդովված էր, քանի որ Մարիամ Սարգսյանը ստեր է տարածում լրատվամիջոցներում: Նա նշեց, որ որդու մահվանից հետո ոչ Մարիամը, ոչ նրա մայրը, որոնց ճանաչել է ինքը, չեն զանգել իրեն ցավակցել: Մինչդեռ ինքը դեպքից հետո գնացել է եւ հիվանդանոցում ցավակցել է Մարիամին;
Նշենք, որ NEWS.am-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, գրել էր, որ դերասանի մահվանից հետո բերել են երկու հարսանեկան մատանի, ինչից զարմացել են նրա ընտանիքի անդամները: Պարզվել է, որ Երվանդը պատրաստվում էր ամուսնանալ եւ արդեն մատանիներն էր պատվիրել, որոնց վրա ներսի կողմից գրված էր իր եւ ուղեւորուհու՝ Մարիամ Սարգսյանի անունները, ինչպես նաեւ նշված էր հարսանիքի օրը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում հոկտեմբերի 22-ի գիշերը ժամը 05:00-ի սահմաններում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը եւ ՃԿԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 40 հասցեում՝ «Վալենսիա» ՍՊԸ-ի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես E-320» մակնիշի 27 OS 077 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել է սյանը եւ գլխիվայր շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկաններն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորին (անձը չպարզված մոտ 25 տարեկան կին) եւ տեղափոխել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա վարորդ Երվանդ Ենգիբարյանի դին:
Նշենք, որ նա Ստանիսլավսկիի անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասան էր: Երվանդը ստեղծել է մի շարք հետաքրքիր կերպարներ, այդ թվում` Ատոմ («Ինկած բերդի իշխանուհին»), Գլումով («Իմաստունն էլ երբեմն լինում է միամիտ»), Չացկի («Խելքից պատուհաս»), Խլեստակով («Ռեւիզոր»), Ժան («Ֆրեկեն Ժյուլի»), Ֆյոդոր Ստրոչկով («Համադասարանցիները»), Կոտե («Խանումա»), Ժորժ («Ես ամուսնանում եմ ամերիկուհու հետ» կամ «Մորգանի Խնամին»), Մարկո («Ֆելդֆեբել Բաթերֆլյայ»), Տիտա-Նանե («Խառնաշփոթ Կյոջիում»), Եսենին («Շահանե, դու իմ…») եւ ուրիշ: Խաղացել է «Սպանված աղավնի», «Քայլ ձիով» ֆիլմերում, բազմաթիվ սերիալներում: Հոկտեմբերի 21-ին Երվանդ Ենգիբարյանի ծննդյան օրն էր:





























