NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ջրվեժ թաղամասում 17-ամյա երիտասարդի սպանության դեպքի վերաբերյալ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Ջրվեժի Բանավան թաղամասից նոյեմբերի 20-ին բուժօգնության է տեղափոպվել 1996թ Կարեն Մարգարյանը: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 16.45-ի սահմաններում, Բանավան թաղամասում վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր, կտրող ծակող գործիքով Մարգարյանին պատճառել է վնասվածք, ինչի հետեւանքով նա վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է:
Պարզվել է, որ նրան կյանքից զրկել է 1995թ ծնված Ջոն Խ-ն, որը նոյեմբերի 21-ին՝ կեսգիշերին, Կոմիտասի 44 շենքի մոտից բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին, նա ձերբակալված է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով:
Մեր տեղեկություններով՝ երիտասարդների միջեւ վիճաբանությունը ծագել է «արա» ասելու համար, ինչից է ծնվել է ողբերգությունը:
Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ երեկ Ջրվեժ թաղամասում, ժամը 15:30-ի սահմաններում, ծեծկռտուք է եղել երկու երիտասարդի միջեւ, որը ողբերգական ավարտ է ունեցել:
«Նրանցից մեկը դանակահարել է մյուսին, որը 17 տարեկան էր եւ նոր էր ավարտել դպրոցը: Վիրավոր տղային տեղափոխել են հիվանդանոց, վիրահատել, սակայն կյանքը փրկել չի հաջողվել: Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունները, սակայն միջադեպի մասնակիցների անունները ճշտել չհաջողվեց: Մեր տեղեկություններով, տղաների միջեւ վիճաբանությունն սկսվել է նախորդ օրը եւ շարունակվել երեկ՝ վերաճելով կռվի: Տվյալներ կան նաեւ, որ շտապօգնության մեքենան ուշ է տեղ հասել»,- գրել է թերթը:





























