Կուտակայինի դեմ մարտի 22-ին կայանալիք հավաք-երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ելույթին դեմ են արտահայտվել խորհրդարանական «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը չեն ցանկանում, որ «Դեմ եմ»-ի կազմակերպած հավաքին ելույթ ունենան պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
«Նախախորհրդարանին «Դեմ եմ»-ը հրավիրել է ելույթ ունենալու եւ խնդրել, որ խոսի Ժիրայր Սեֆիլյանը: Մենք էլ համաձայնվել էինք, սակայն ԱԺ-ում կայացած նիստից հետո երիտասարդները հայտնեցին, որ չորս ուժերը դեմ են, որ Սեֆիլյանը խոսի: Ինչքան էլ տարօրինակ է, դեմ են արտահայտվել «Ժառանգությունն» ու «ՀՅԴ»-ն»,- ասաց նա՝ նշելով, որ սա առաջին դեպքը չէ. հունվարի 18-ի հանրահավաքից առաջ էլ էին «Դեմ եմ»-ի անդամները հրաժարվել իրենց հրավերից:
Անկախ ամեն ինչից Վարդան Հակոբյանն ու Նախախորհրդարանի մյուս անդամները մասնակցելու են մարտի 22-ին կայանալիք հավաք-երթին:
«Երիտասարդ են, նոր են քաղաքական դաշտում, շատ բան դեռ չեն հասկանում, ընթացքում կհասկանան՝ ով ով է: Ինչ որոշում էլ կայացնեն, իրենցից չենք նեղանա»,- ավելացրեց Վարդան Հակոբյանը:
NEWS.am-ի հետ զրույցում «Դեմ եմ»-ից ասացին, որ իրենք Նիկոլ Փաշինյանին ու Ժիրայր Սեֆիլյանին հրավիրել են, իսկ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերին՝ պարզապես զգուշացրել, թե ովքեր են ելույթ ունենալու:
«Մենք ընդամենը ասել ենք՝ ովքեր են ելույթ ունենալու, չորս ուժերը պետք է իմանային: Իրենք մեզ ասացին, որ կմտածեն ու այսօր էլ զանգել ու հայտնել են, որ դեմ չեն Նիկոլ Փաշինյանի ու Ժիրայր Սեֆիլյանի ելույթներին: Անկախ ամեն ինչից միտինգը մերն ա, մենք ենք որոշում՝ ով կխոսի»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Մարտի 22-ի հավաք-երթի ելույթ ունեցողների անունները հայտնի կլինեն արդեն վաղն առավոտյան:
Նշենք, որ մարտի 22-ին «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է հավաք-երթ, որին մասնակցելու են նաեւ խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերը:




























