Ավելի քան մեկ տարի ադրբեջանական գերության մեջ անցկացրած եւ երրորդ երկրի փոխանցված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը վերադարձավ հայրենիք:
Ինջիղուլյանը Երեւան ժամանեց տարանցիկ չվերթով, Մոսկվայից: Օդանավակայանում նրան դիմավորեցին հարազատներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները:
Մեկ ամիս առաջ Հակոբ Ինջիղուլյանը փոխանցվել էր երրորդ երկրի եւ հայտնվել Ռումինիայում, փախստականների ճամբարում: Այդ ընթացքում նա հնարավորություն է ունեցել համացանցով շփվել ընտանիքի հետ եւ բազմիցս հայտարարել է վերադառնալու մտադրության մասին:
Զինծառայողն անցյալ տարի օգոստոսի 8-ին մոլորվել էր ու հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Մեկ օր անց նրան տեղափոխել էին Բաքու: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով աշխատում էր հնարավորինս ձգձգել գերի ընկած զինվորի հետ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակների հանդիպումը: Մինչ այդ, լրատվամիջոցներում Հակոբ Ինջիղուլյանի հետ «հարցազրույց» էր տարածվել: