Ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանը դատի է տվել իր երբեմնի գործընկերոջը՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին՝ իր բարի անունն արատավորելու համար պահանջելով 3 մլն դրամ բարոյական փոխհատուցում: Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորը:

«Հրաչ Կապրիելյանի խոսքով՝ ես արատավորել եմ իր բարի իմիջը, հայտ է ներկայացրել եւ պահանջում է 3 մլն դրամ, վերջապես Հրաչ Կապրիելյանի պատվի գինն էլ իմացանք, ուրախ եմ, որ հենց այդքան է պահանջել: Բայց մարդ պետք է պատիվ ունենա, որ մի հատ էլ պահանջի: Բայց թե իրեն ամենաշատն իմ որ բառն է վիրավորել, արդեն չեմ էլ հիշում, որովհետեւ այնքան բազմազան ու դիպուկ են եղել այդ բառերը»,- ասաց Արագած Ախոյանը:

Ինչ վերաբերվում է ամերիկահայ գործարար Հրաչ Կապրիելյանին պատասխանատվության ենթարկելու եւ «Իտարկո քոնսթրաքշըն» ընկերության հաշվետվությունները պահանջելու գործով դատական նիստին, ապա այն նորից է հետաձգվել:

«Պատիվ ունեցող մարդը գործընկերոջը հաշվետվություն կտար, տարիներ շարունակ գաղտնի չէր պահի, բայց հույս ունեմ, որ մենք այդ փաստաթղթերը կստանանք ու ամեն ինչ կբացահայտվի»,- ավելացրեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Արագած Ախոյանն ու «Արցախբանկ»-ի խոշոր բաժնետեր, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, շվեյցարական ժամացույցի գործարանի բաժնետեր, «Իտարկո» ընկերության 80 տոկոսի բաժնետեր ԱՄՆ քաղաքացի Հրաչ Կապրիելյանը երբեմնի գործընկերներ էին: Նրանց հարաբերությունները լարվեցին, երբ ամերիկահայ գործարարը փորձել է իրենց բռնած ընդհանուր գործից, առանց որեւէ հիմնավոր պատճառի, դուրս մղել Ախոյանին՝ վերջինիս թողնելով զրոյական ֆինանսական հաշիվներով։ Դեռ 2002թ.-ին Հրաչ-Ներսես Կապրիելյանը, չգիտես ինչու, որոշել է իր եւ Ախոյանի համատեղ ջանքերով հիմնած բաժնեմասերն ամբողջությամբ վերցնել՝ փորձելով «քցել» Ախոյանի ունեցած, նրա կնոջ անունով 20 տոկոս բաժնեմասը։