Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավար Գեւորգ Ղազարյանը հերքում է, թե ընկերոջ՝ պատգամավոր Արթուր Ստեփանյանի հետ «Կաֆե հաուս» սրճարանում վիճաբանության է մասնակցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թաղապետը՝ հավելելով, որ տեղյակ չէ:
Բայց դուք էլ էիք ձեր ընկերոջ՝ Արթուր Ստեփանյանի հետ գնացել այդ սրճարան:
Ո՞վ է ասում, թե ես էլ եմ գնացել ընկերոջ հետ:
Լրատվամիջոցները գրել են այդ մասին:
Թերթերը գրել են Արաբկիր համայնքի պատասխանատու Գեւորգ Ղազարյան, ես ի՞նչ կապ ունեմ Արաբկիր համայնքի հետ:
Դուք չե՞ք գնացել այդ օրը «Կաֆե հաուս», տեղյակ չե՞ք վիճաբանությունից:
ՉԷ, ինքն էլ կապ չունի դրա հետ, հերյուրանքներ են:
Ինչպե՞ս, չե՞ք գնացել աղջիկ ուզելու:
Մենք առաջին օրն ենք գնացել, թեթեւ խոսել, բարձրացել վերեւ, բայց բացարձակ ոչ մի վիճաբանություն չի եղել եւ հիմա էլ չկա: Առաջին օրը ուղղակի հանդիպում-զրույց է եղել, ընկերացել ենք, ոչ մի խնդիր չի եղել, թե իրենց հետ ինչ կռիվ է եղել, չգիտենք, մենք կապ չունենք: Ընդամենը ծնողական ժողով է եղել, հարց չի եղել լուծելու:
Ձեր ընկերոջ՝ Արթուր Ստեփանյանի որդին սիրում է նույն աղջկան, ինչ-որ այդ սրճարանի տիրոջ եղբորորդին:
Պարոն Ստեփանյանի որդին դեռ 17 տարեկան է, աղջիկը սիրելը ո՞րն է, ի՞նչ տարիքն է աղջիկ սիրելու:
Հիմա ո՞վ է ում սիրում:
Ես ինչ իմանամ, ես իմ կնոջն եմ սիրում, չգիտեմ ուրիշ ով է ում սիրում:
Իսկ որ գնացել եք ծնողական ժողով անելու, ի՞նչ եք քննարկել:
Ես ձեզ վստահեցնում եմ, որ մեր մեջ խնդիր չի եղել, հիմա էլ չկա, ես էդ կաֆեի անունն էլ չգիտեմ: Հիմա դուք ոնց եք մտածում՝ մեզ մի փոքր ճանաչելով, մենք երեխեքի աղջկա հաշվով կարո՞ղ է վիճաբանության մեջ լինենք: Մեզ հրավիրել են անգամ քննչական, գնացել ենք բացատրություն ենք տվել, մարդիկ եկել են, մեզ անգամ չեն էլ ճանաչել, ոչ մի խնդիր չկա, մենք ոչ մի վիճաբանություն, կռիվ ոչ մեկի հետ չենք արել, ոչ էլ մեր տարիքն է, ոչ էլ մեր ստատուսներն է թույլ տալիս նման բանով զբաղվել: Ես չգիտեմ ինչի համար է գրվել մեր անունը, ով էլ գրել է, կամ կհերքի կամ էլ կենթարկվի պատասխանատվության արդեն դատարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Կաֆե հաուս» սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ վիճաբանության պատճառը աղջիկ է, որին սիրում են պատգամավոր Արթուր Ստեփանյանի որդին եւ այդ սրճարանի տիրոջ եղբոր որդին: Դեպքի օրը նրանք սրճարանում հավաքվել են քննարկելու այդ աղջկա հետ կապված հարցեր: Քննարկումը վերածվել է վիճաբանության, դա էլ ծեծկռտուքի: Ասում են, թե պատգամավորը այնտեղ էր գնացել Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Գեւորգ Ղազարյանի հետ եւ հենց նրանց կողմնակիցներն էլ ծեծել են սրճարանի սեփականատիրոջը, նրա եղբորուն եւ վերջինիս որդուն՝ Բեժանյաններ Աշոտին, Կարենին եւ Սամվելին: Մեր աղբյուրները հայտնեցին, որ պատգամավորն ու թաղապետը այդ գործով ընդամենը վկա են անցնում: NEWS.am-ի ունեցած տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանին, ով ոչ հաստատեց, ոչ հերքեց դրանք:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը




























