Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել դոլարի փոխարժեքի կտրուկ աչի կապակցությամբ:

«ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում եւ միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, եւ նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը եւ պահպանմանը, ինչպես նաեւ  բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձեւավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները եւ գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները եւ ապահովելու ֆինանսական կայունությունը»: