Երեւանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը մայրաքաղաքում տվել է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:
Նոր մեքենասարքավորումները Շահումյան հրապարակում նախ ներկայացվել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Դեռեւս 2012թ.-ին հայտարարված միջազգային մրցույթին աշխարհի 8 երկրներից հայտ ներկայացրած մասնագիտացած ընկերություններից 2013-ին ընտրվեցին երկուսը՝ Արեւմտյան հատվածով (Աջափնյակ, Դավթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ)՝ լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերությունը եւ Արեւելյան հատվածով (Արաբկիր, Ավան, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Նորք-Մարաշ, Նոր Նորք եւ Նուբարաշեն վարչական շրջաններ)՝ հայ-շվեդական «Էկոգրուպ» եւ «ԼԼ Միլյոքոնսուլտ» ընկերությունների կոնսորցիումը:
«Մրցույթում հաղթող ճանաչված երկու ընկերություններն, ըստ պայմանագրի, 10 տարի ժամկետով կիրականացնեն մայրաքաղաքի աղբահանությունն ու սանմաքրումը»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ վերոնշյալ երկու օպերատորների հետ համապատասխան պայմանագրերի կնքումից հետո, հատուկ նշանակության մեքենասարքավորումների պատվիրման, դրանց արտադրության եւ Հայաստան տեղափոխելու հետ կապված, օբյեկտիվորեն պահանջվում էր մոբիլիզացիոն երկար ժամանակ, ինչը եւ տրամադրվեց նրանց: Արեւմտյան հատվածով հաղթող ճանաչված օպերատորը՝ «Sanitek s.a.r.l» ընկերությունը, ներկայումս ներկրել է ամբողջությամբ նոր, բավարար քանակությամբ եվրոպական մեքենասարքավորումներ ու գերմանական աղբամաններ, ինչի արդյունքում էլ արդեն իսկ մայրաքաղաքում տալիս է պայմանագրով պահանջվող համապատասխան ծառայությունների մատուցման մեկնարկը:
«Գործընթացն առայժմ կմեկնարկի միայն Կենտրոն վարչական շրջանում, որի անցումային փուլն ավարտելուց եւ ծառայությունները հունի մեջ գցելուց հետո հերթականությամբ կանցնի մյուս վարչական շրջաններ: Այսպիսով կարող ենք ասել, որ արդեն այսօրվանից Երեւանում հետզհետե կսկսեն մատուցվել միջազգային ստանդարտներին համապատասխան աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայություններ, ինչի առիթով շնորհավորում եմ մեր բոլոր համաքաղաքացիներին»,- ընդգծել է քաղաքապետը։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանին ներկայացնելով նոր մեքենասարքավորումներն ու գործընթացի մանրամասները, «Սանիթեք» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Մադլեն Էլ Բոլբոլը համոզմունք է հայտնել, որ, հաշվի առնելով աղբահանության եւ սանմաքրման ոլորտում ծառայությունների մատուցման մասնագիտացած, երկարամյա փորձը, ընկերության մատուցած ծառայությունները կբավարարեն Երեւանի բնակիչների սպասումներն ու կարդարացնեն Երեւանի քաղաքապետարանի վստահությունը:
«Մեր կողմից շուրջ 10 մլն եվրոյի ներդրում է կատարվել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ մենք իսկապես լրջորեն տրամադրված ենք մուտք գործում Երեւան քաղաքի համար շատ կարեւոր այս ոլորտ: Մեր կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ կիրականացնենք ինչպես աղբահանություն, այնպես էլ սանմաքրման աշխատանքներ: Ներկայումս ունենք 150 աշխատակից, բայց այդ թիվը դեռեւս աճելու է եւ հասնի մինչեւ 300-ի: Միջին աշխատավարձը սահմանել ենք 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Առայժմ մեր աշխատանքների մեկնարկը տալիս ենք Կենտրոն վարչական շրջանից, բայց որոշ ժամանակ հետո մենք հետզհետե կանցնենք պայմանագրով մեզ վերապահված մյուս վարչական շրջաններ»,- նշել է Մադլեն Էլ Բոլբոլը:
Լրագրողների հարցին ի պատասխան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ որակյալ ծառայությունների մատուցումից հետո բնակիչներից աղբահանության համար գանձվող գումարների չափը չի փոխվելու:
Նկատենք, որ հայտարարված մրցույթի բնութագրերի համաձայն՝ հայտ ներկայացնող կազմակերպությունները պարտավորվել էին ոչ միայն ամբողջությամբ եվրոպական նոր համապատասխան տեխնիկայով փոխարինել աղբահանության եւ սանմաքրման մեքենասարքավորումները, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր աղբամաններ տեղադրել, այլեւ բնութագրերով ներկայացվող պայմանների թվում նաեւ նոր չափորոշիչների եւ վերահսկման տեխնիկական նոր մեխանիզմների ներդրմամբ ու կիրառմամբ (աղբատարների GPS համակարգով համալրվածություն, հստակ քարտեզներով աշխատանքի կազմակերպում եւ այլն) ծառայությունների մատուցման պահանջ էր դրված, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել աղբահանության գործընթացը:




























