Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին հունիսի 6-ին տեղի ունեցած  ողբերգական վթարի դեպքով այժմ հարցաքննում են մահացածների հարազատներին: NEWS.am-ի տեղեկություններով՝ գործով նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ դատավտոտեխնիկական, դատաբժշկական եւ այլն: Արդյոք սթափ են եղել երիտասարդները, թե ոչ, հայտնի չէ, բայց դժվար կլինի դա պարզելը, քանի որ երիտասարդների դիակները մոխրացած են եղել: Դատավտոտեխնիկական փորձաքննության արդյունքում կպարզվի՝ արդյոք մեքենան արագ են վարել, թե ոչ: Իրավապահները հակված են մտածել, որ երիտասարդները մեքենան արագ են վարել՝ դատելով առաջացած հետեւանքներից եւ մեքենայի հարվածից: Ի դեպ, նոր գնված այդ մեքենան այլեւս պիտանի չի լինի օգտագործման համար:

Հիշեցնենք, որ ողբերգական վթարի հետեւանքով 7 երիտասարդ է մահացել՝ 21-ից 24 տարեկան. Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Վանիկ Մարդոյանը, 24-ամյա Վահագ Ալբերտյանը, 22-ամյա Արման Տոնոյանը, 24-ամյա Գեւորգ Պողոսյանը, 22-ամյա Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 22-ամյա Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 22-ամյա Արթուր Բալյանը:

Նշենք, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել քարերին եւ բռնկվել: Ըստ նախնական վարկածի՝ ավտոմեքենայի առջեւ փորսուղ է դուրս եկել, մեքենան փորձել է շրջանցել կենդանուն եւ բախվել է ծառին: Հրշեջ-փրկարարները մասնատել են ավտոմեքենան, դուրս բերել դիակները: