Սամցխե Ջավախքի Տաբածղուր գյուղում այս պահին հանգիստ իրավիճակ է:
NEWS.am-ի թղթակցին գյուղի բնակիչները հայտնեցին, որ այսօր առավոտյան է ընդհարում տեղի ունեցել գյուղացիների, ոստիկանների եւ բնապահպանության նախարարության աշխատակիցների միջեւ: Պատճառն այն է, որ համայնքի բնակիչներին արգելվում է ձուկ որսալ լճից: Ոստիկանները փորձել են մի քանի գյուղացու բերման ենթարկել, սակայն գյուղացիները փակել են ճանապարհը եւ թույլ չեն տվել:
«Մեր միակ եկամուտն այդ լիճն է, ո՞նց են նման բան անում, ուզում են հայաթափե՞լ: Չենք թողնելու ու ձուկ էլ շարունակելու ենք որսալ: Առանց էլ էդ էլ տարվա 7-8 ամիսը ձմեռ ենք տեսնում, գոնե թողնեն ապրենք»,- ասաց գյուղացիներից մեկը:
Նրա խոսքով՝ պատկան մարմինները ձկնորսությունն արգելում են, քանի որ այդ լճում ձուկ որսալու առաջնային իրավունքը տրված է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին պատկանող ընկերությանը:
«Վարդան Այվազյանի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց դա ոչինչ չի նշանակում: Թող թույլ տան մենք ապրենք, եկամուտ ունենանք: Առանց էդ էլ 1000 մարդ չի մնացել գյուղում: Մենք նույնիսկ Վարդան Այվազյանի ընկերությանը դատի տվեցինք, բայց դատարանը պատգամավորի օգտին որոշում կայացրեց»,- նշեց մեր զրուցակիցը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի կապ չունի տեղի ունեցածի հետ, վերջին անգամ Վրաստանում եղել է անցած ամսին: «Իրենց երկիրն է, իրենց երկրի օրենքն է, ինչ ուզում, անում են, ես այդ լճի հետ կապ չունեմ, ընդամենը ես էլ եմ Տաբածղուր գյուղից, բայց որեւէ բանից տեղյակ չեմ»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ Վրաստանի կառավարությունը Վարդան Այվազյանի ընկերությանը լիճը տնօրինելու 20 տարվա իրավունք է տվել:





























