«Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով ամբաստանյալ Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի մայրը պնդում է, որ իր որդուն 5 տարվա ազատազրկման են դատապարտել առանց հիմնավոր ապացույցների: NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հուսով է, որ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացի որոշում կկայացնի և կարդարացնի իր որդուն:
«Ո՞նց կարելի է անմեղ մարդուն տանել բանտ, ոչ մի ապացույց չունեն: Եթե իմ տղայի մեղավորությունն ապացուցվի` 5 տարի չէ, թող 10 տարի նստի, բայց ես ոնց կարող եմ հանգիստ նստել, եթե համոզված եմ, որ նա արդեն մի տարուց ավելի անմեղ լինելով բանտում է նստած»,-ասաց Զեմֆիրա Ազիբեկյանը:
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանում, այսօր` հոկտեմբերի 16-ին, մեկնարկեց 2014թ. ապրիլին «Իջևանատուն» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նշեց, որ Անդրանիկ Ազիբեկյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը չի համապատասխանում ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին և միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում կամ նրա նկատմամբ նշանակել տվյալ արարքի համար ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածով նախատեսված նվազագույն պատժաչափ:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով` Իջևանի նախկին ոստիկանապետ Անդրանիկ Ազիբեկյանը դատապարտվել էր 5, «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանը՝ 6,5, իսկ ոստիկանության Տավուշի քննչական բաժնի պետի նախկին տեղակալ Արտակ Ավետիսյանը՝ 4 տարվա ազատազրկման:
«Իջևանատուն» ռեստորանային համալիրի տնօրեն Անդրանիկ Խոջումյանի պաշտպան Լուսինե Սահակյանը ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում ասել էր, որ իրենց պաշտպանյալի նկատմամբ փաստացի հաշվեհարդար է տեղի ունենում` հաշվի առնելով այն, որ դատարանը վճիռը կայացրել է` անտեսելով բոլոր փաստերը, որոնք ապացուցում են, որ իր պաշտպանյալի գործողություններն ուղղված են եղել բացառապես իրեն ու իր ունեցվածքը հարձակումից պաշտպանելուն:
Նշենք, որ 2014թ. ապրիլի 1–ի երեկոյան հայհոյանքներով զուգորդված տհաճ հեռախոսային խոսակցություն է տեղի ունեցել «Իջեւանատուն» ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատեր Անդրանիկ Խոջումյանի և Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, «Այո» մականունով Աշոտ Այդինյանի միջև, որը պարզելով, որ Խոջումյանը լինելու է «Իջևանատանը», սպառնալիքներով հայտնել է վերջինիս «տեսնելու» ցանկության մասին: Կեսգիշերին մոտ Գետահովիտ համայնքի մի խումբ բնակիչներ (գործի որոշ տվյալներով նաև Գետահովիտի գյուղապետ Արթուր Ղազարյանը), առնվազն 5 ավտոմեքենաներով ժամանել են «Իջևանատուն» Խոջումյանի հետ հաշիվներ պարզելու: «Անկոչ հյուրերի» մուտքը ռեստորանային համալիրի տարածք կանխելու նպատակով Անդրանիկ Խոջումյանն իրեն օրինական կարգով պատկանող որսորդական հրացանից մի քանի կրակոց է արձակել օդ և գետնին: Կրակոցներ են հնչել նաև դիմացի կողմից, որոնցից մեկը դիպել է ռեստորանի դարպասի երկաթյա ձողին: Արդյունքում որևէ մարդ վնասվածք չի ստացել, իսկ «հաշիվ պարզողները» հեռացել են:
Ըստ մեղադրականի` Անդրանիկ Ազիբեկյանը հանդիսանալով ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Տավուշի մարզի քննչական բաժնի պետի տեղակալ Արտակ Ավետիսյանի հետ նախնական համաձայնությամբ անձանց նկատմամբ բռնության, սպառնալիքի և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարած իրենց մտերիմ Անդրանիկ Խոջումյանին օգնելու և քրեական պատասխանատվությունից զերծ պահելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դեպքի առթիվ քրեական վարույթի կապակցությամբ պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ Այդինյանի իրավունքներին:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին:





























