Երեւանում այսօր՝ նոյեմբերի 14-ին, քաղաքացիները վաղ առավոտից ծաղիկներ են դնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակին (ֆոտոռեպորտաժ):

«Ֆրանսիայի ժողովրդին այս դժվարին օրերին մաղթում եմ  առաջին հերթին հավատ: Նրանք պետք է միավորվեն, դիմակայեն եւ շարունակեն հավատալ, որ կյանքը միայն չարիք ու ցավ չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ֆրանսիացի զոհերի հիշատակը հարգելու եկած քաղաքացիներից մեկը:

NEWS.am-ի հետ զրույցում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ Գագիկ Մելիքյանն ասաց, որ ահաբեկչությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով:

«Ֆրանսիան առաջին անգամ ահաբեկիչների թիրախում չի հայտնվում: Ահաբեկիչները կարծում են, որ Ֆրանսիան հիմնական երկրներից մեկն է, որ իրենց խանգարել է, կամ, միգուցե, իրենց գործողությունները իրականացնելու համար որպես թույլ եւ ավելի պարարտ հող են տեսել»,-ասաց Գագիկ Մելիքյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ֆրանսիայի մայրաքաղաքում նոյեմբերի 13-ին երեկոյան ահաբեկչություններ են տեղի ունեցել միաժամանակ 6 տարբեր վայրերում:

Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 153 մարդ: