Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին նախածննդյան փուլում մահացած երեխայի հորը՝ Ալիկ Քոչարյանին, հերթապահ բժիշկը դեպքից ժամեր առաջ հավաստիացրել է, որ ծննդաբերությունը նորմալ է անցնելու, եւ ուղարկել է տուն:

«12 օր կինս պառկել է այդ հիվանդանոցում, 12 օր մենք գնացել, եկել ենք, մեզ բժիշկն ամեն անգամ հավաստիացնում էր, որ ամեն ինչ նորմալ է լինելու: Դեպքի օրն էլ բժշկուհի Սիրունյանն ինձ ասաց՝ հանգիստ գնացեք, ամեն ինչ նորմալ է, Լարիսան իր ուժերով առողջ երեխա կունենա: Ես ու մայրս հիվանդանոցից դուրս եկանք, դեռ Արմավիր չէինք հասել, զանգեցին ու ասացին, որ երեխայի սրտի բաբախը կանգ է առել»,- NEWS.am-ի թղթակցին պատմեց Ալիկ Քոչարյանը:

Քոչարյանի կինը՝ 25-ամյա Լարիսա Շախպազյանը «Շենգավիթ» բժշկական կենտրոն է ընդունվել նոյեմբերի 9-ին. 34 շաբաթական հղիին այս հիվանդանոց էին ուղեգրել «Արմավիր» բժշկական կենտրոնից:

«Պտղաջրերի վաղաժամ արտահոսք ուներ կինս, մեր մոտի հիվանդանոցից ուղեգիր տվեցին, բերեցինք Երեւան, այս օրերի ընթացքում անընդհատ սիստեմա են միացրել: Վերջին օրն էլ սիստեման անջատեցին, թե հիմա արդեն Լարիսան կարող է երեխան ունենալ»,- պատմեց Ալիկ Քոչարյանը:

Մահացած երեխայի հոր խոսքով՝ դեպքից հետ կինն իրեն պատմել է, որ այդ օրն իրեն դեղահաբ են տվել, որից հետո ինքն անմիջապես քնել է, իսկ երբ արթնացել է, պարզվել է՝ երեխայի սրտի բաբախը կանգ է առել. «Կինս պատմեց, որ իրեն դեղ են տվել երկրորդ անգամ, ինքը քնել է, իսկ բժիշկներն էլ գնացել են՝ ծնունդ ընդունելու: Գոնե ծնարան տանեին կնոջս, հետեւեին, ուշադիր լինեին, բայց ամբողջ ընթացքում ոչ ոք մոտը չի եղել»:

Երեխայի մահվան լուրն իմանալուն պես Քոչարյանը շտապել են հիվանդանոց, սակայն ինչպես իրենք են պնդում, ոչ ոք ոչինչ չի պարզաբանել, նույնիսկ բաժնի վարիչի հետ չեն կարողացել խոսել:

«Գնացել, ասում ենք՝ բացատրեք, թե ինչ է տեղի ունեցել, ոնց է երեխան մահացել, երբ մի քանի ժամ առաջ Սիրունյանը լրիվ ուրիշ բան էր ասել, մեզ հետ ոչ ոք չխոսեց, միայն օրեր անց հայտնվեց բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, որն ամեն կերպ ուզում էր, որ մենք չբողոքենք, իրենք հարցը ներքին կարգով կլուծեն»,- նշեց նա:

Այսօր Քոչարյանների ցանկությունը մեկն է՝ պարզել երեխայի մահվան պատճառը եւ արդար քննություն անցկացնել:

«Մենք ուզում ենք պատճառը հասկանալ, թե ինչու նման բան եղավ: Ես բուժաշխատող եմ եւ ծննդաբերության ամբողջ ընթացքին հետեւել եմ. առողջ երեխա է ծնվել, միայն պորտալարն էր փաթաթված: Մենք ուզում ենք ուղղակի իմանալ, թե խնդիրը որն է եղել»,- նշեց Ալիկ Քոչարյանի եղբայրը՝ Արթուր Քոչարյանը՝ նշելով, որ դեպքի վերաբերյալ բողոք են ներկայացրել եղբայրն ու հարսը:

Արթուր Քոչարյանի պնդմամբ՝ մի քանի անգամ «Շենգավիթ» ԲԿ-ից փորձել են իրենց հետ կապ հաստատել, ընդհանուր համաձայնության գալ, սակայն իրենք չեն համաձայնվում, ավելին ԲԿ-ից փորձում են մեղքն ուրիշի վրա բարդել:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ալիկ Քոչարյանը:

Ըստ «Շենգավիթ» ԲԿ-ի տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 19-ի առավոտյան ժամը 10:00-ից, հաշվի առնելով մանկաբարձական իրավիճակը (թոքերի հասունությունը, պտղապարկի բարձր կողմնային պատռումը հասուն պտղի պարագայում, պտղաջրերի շարունակական արտահոսքը), որոշվել է խթանել ծննդաբերույթունը և կեսարյան հատման ցուցումների բացակայության պարագայում ծննդալուծել կնոջը բնական ճանապարհով: Ինդուկցիայի առաջին փուլի ավարտից հետո կինը ծննդաբերության մեջ չի մտել, որի պատճառով տրամադրվել է հանգիստ: Ընթացքում պտղի սրտի բաբախը վերահսկվել և գրանցվել է սարքերի միջոցով ժամը 17:00 և 20:00 : Հերթապահ բժիշկը համայցի ժամանակ արթնացրել է քնած կնոջը, զննել նրան և ժամը 21:10 գրանցել է պտղի սրտի զարկի բացակայություն, արձանագրել է պտղի անտենատալ մահ, որը և հաստատվել է ՈՒՁ հետազոտությամբ: Կինը ծննդալուծվել է ցավազրկման ներքո, բնական ճանապարհով` մահացած պտղով 20.11.2015 առավոտյան ժամը 07:30: Պտուղը ծնվել է պարանոցին և ստորին վերջույթներին պորտալարի ամուր փաթաթումով, պորտալարի երկարությունը կազմել է 47 սմ (կարճ պորտալար):

Պտղի մահվան պատճառը եղել է կարճ պորտալարի պարագայում (47 սմ) պորտալարի ամուր փաթաթումը: