Ազգությամբ եզդի 22-ամյա Նադիա Մուրադը 2 տարի առաջ կարողացել է փախչել Իրաքի Մոսուլ քաղաքից եւ հազիվ է փրկվել «Իսլամական պետության» ահաբեկիչների ձեռքից: Այսօր նա պայքարում է ԻՊ-ի ահաբեկիչների գերության մեջ գտնվող շուրջ 3500 եզդի կանանց եւ աղջիկների փրկության համար:

22-ամյա Նադիա Մուրադն իր բազմանդամ ընտանիքի հետ խաղաղ կյանքով ապրելիս է եղել, երբ 2014թ. օգոստոսի 3-ին «Իսլամական պետությունը» սկսել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքնավարության Շանգալ շրջանում եւ հարակից տարածքներում ապրող եզդիների սպանդը: 22-ամյա աղջիկը հրաշքով է փրկվել. հագել է փարաջա, փակել դեմքը, դուրս եկել ահաբեկիչների շրջափակման մեջ գտնվող Մոսուլից ու հասել Քրդական ինքնավարության տարածքում գտնվող եզդիական ճամբար: Նադիայի եղբոր աղջիկը, որը գերեվարված է եղել իսլամիստների կողմից, նույնպես  փախչել է, սակայն, չի կարողացել փրկվել. պայթել է ականի վրա:

«Ահաբեկիչները մինչեւ այժմ էլ սպանում են եզդի տղամարդկանց, գերեվարում կանանց: Շուրջ 10 հազար եզդի գերեվարվել է, սպանվել, որոշներն էլ, չկարողանալով դիմանալ ծանր պայմաններին, մահացել են: Այժմ ԻՊ ահաբեկիչների գերության մեջ են 3500 եզդի կանայք ու աղջիկներ, սակայն մինչեւ այժմ միջազգային կառույցները լուրջ քայլեր չեն ձեռնարկում նրանց փրկելու: Ես Մոսուլում էի, որը շրջափակված էր ահաբեկիչներով,  փախչելու հնարավորություն չկար: Սակայն, մի օր հնարավորություն ստեղծվեց, եւ ես դուրս եկա, մուսուլման կանանց հագուստ գտաա,  թաքցրի դեմքս, կարողացա փախչել ու հասնել Քրդական ինքնավարության տարածքում գտնվող եզդիական ճամբար, որից հետո էլ այլ եզդիների հետ տեղափոխվեցի  Գերմանիա, որտեղ  միացա մյուս եզդի փախստականներին»,- լրագրողների հետ զրույցում պատմեց Հայաստանում գտնվող 22-ամյա Նադիան:

Արդեն 6 ամիս Գերմանիայում բնակվող Նադիան ամեն ինչ անում է, որպեսզի իր ժողովրդի նկատմամբ իրականացված  ցեղասպանության մասին բարձրաձայնի, միջազգային կառույցների եւ հանրության ուշադրությունը հրավիրի այդ փաստի վրա: 22-ամյա աղջիկն ասում է՝ հայերը եզդիներին լավ են հասկանում, որովհետեւ նրանք էլ են ապրել նույն ցավը. «Այսօր մասնակցում եմ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որպեսզի գոնե ինչ-որ ձեւով բարձրաձայնեմ եւ օգնեմ իմ ժողովդրին, այն 3500 կանանց, որոնք շարունակում են մնալ գերության մեջ։ Փորձում եմ եզդիների ձայնը բարձրացնել ամբողջ աշխարհում, այս տարվա Նոբելյան մրցանակի հավակնորդ եմ, սակայն ինձ համար ավելի կարեւոր է իմ ազգին օգնելը, քան մրցանակ ստանալը»:

«Իսլամական պետությունը» Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավարության Շանգալ շրջանում ապրող եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականի օգոստոսի 3-ից ցեղասպանություն է իրականացնում:

2014թ. օգոստոսի 3-ը համարվում է Սինջարիի կոտորածների սկիզբը: Այդ օրվանից «Իսլամական պետությունը» սկսեց Իրաքի Քրդական ինքնավարության Սինջարի շրջանում և հարակից քաղաքներում եզդիների սպանդը, ինչի հետևանքով սպանվեց մի քանի հազար եզդի: Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն օդային հարվածներ հասցրեց ԻՊ դիրքերին, ինչը հանգեցրեց ԻՊ-ի դեմ մի քանի երկրների պատերազմի: Քրդերի և ամերիկյան ուժերի օգնությամբ մոտ 50 հազար եզդի կարողացավ տարհանվել և տեղափոխվել Սինջարի լեռներ: