News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանն այսօր ժամանել է Վիեննա, որտեղ հանդիպումներ են նախատեսված Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, ապա Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Ավելի ուշ, նախագահը կմասնակցի  ընդլայնված կազմով հանդիպմանը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ: Վիեննայում է նաեւ Իլհամ Ալիեւը: Հայկական կողմը առայժմ չի հաստատում՝ կլինի Սարգսյան-Ալիեւ հանդիպում, թե ոչ, որի մասին միջազգային աղբյուրները խոսում էին դեռ մի քանի օր առաջ: Ենթադրվում է, որ առանձին հանդիպումների արդյունքով է պայմանավորված երկու նախագահների հանդիպման հնարավորությունը:

Ազգային ժողովն այսօր մերժել է նստաշրջանի օրակարգ ընդունել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած օրենքի նախագիծը Կողմ է քվեարկել ընդամենը 12 պատգամավոր՝ ՀՅԴ-ից եւ Ժառանգությունից: Մյուս պատգամավորները պարզապես չեն մասնակցել քվեարկությանը՝ պատճառաբանել են՝ Արցախի ճանաչումը այս փուլում կարող է վնասել գործընթացին

Գործընկերների պատճառաբանությունները նախագծի հեղինակներին չի համոզել: Բագրատյանը կարծում է՝ քննարկելը հաստատ վնաս չէր տա: Փոստանջյանն էլ կարծում է՝ նույնիսկ ճանաչման դեպքում Արցախն ավելի վտանգված չէր լինի, քան հիմա է:

Գեներալ Մանվել Գրիգորյանին հարկավոր է հետ կանչել Արցախից: Սերժ Սարգսյանին նման կոչ է արել Արցախի խորհրդարանի պատգամավոր, արցախյան պատերազմի ժամանակ դաշտային հրամանատար, մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը: Նրա խոսքով՝ օրեր առաջ Մանվել Գրիգորյանը Հադրութով անցնելիս կանգնել եւ հայհոյել է դիրքեր մեկնող զինծառայողներին, որոնք կանգնեցրել էին մեքենան ճանապարհին եւ իրենց իրերն էին դասավորում դիրքեր մեկնելուց առաջ: Գեներալին բարկացրել է այն, որ տղաների մեքենայի պատճառով իրենց մեքենայի անցնելու տեղը նեղացել է: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ահրաժարվել է մեկնաբանել կատարվածը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ բաղդասարյանն էլ պաշտպանել է Մանվել Գրիգորյանին, իսկ Վահան Բադասյանին խորհուրդ է տվել զգույշ արտահայտվել Արցախի հերոսի վերաբերյալ հայտարարություններ անելիս:

 Բանակի հետ կապված մեկ այլ աղմկահարույց պատմությունը վաստակավոր արտիստ Արմենչիկի օգնություն բաժանելն էր: Երգիչը տոպրակներով օգնություն էր բաժանել շարքով իրեն մոտեցող զինծառայողներին ու հրապարակել տեսանյութը, ինչը հասարակությունը գնահատել էր ստորացուցիչ պահվածք զինվորների նկատմամբ: Այս հարցին նախարարությունը ընթացք է տվել

Մայիսի 14-ին  Վայոց ձորի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արամ Օհանյանը: 25-ամյա զինծառայողը վիրավորվել էր որովայնի շրջանում ու մեկ ժամ անց մահացել հիվանդանոցում: Արամը Աղավնաձորից էր, ամուսնացած էր, ուներ փոքրիկ երեխա:

Մայիսի 13-ին Արցախում հրազենային վիրավորում ստացած 21-ամյա Հովհաննես Պողոսյանին Մարտակերտում վիրահատելու հետո տեղափոխել են Ստեփանակերտ, ապա Երեւան՝ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հովհաննեսը ստացել է գանգուղեղային ծանր վիավորում, կոմայի մեջ է, միացված է արհեստական շնչառության սարքի։

Ապրիլյան քառօրյա պատերազմում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած՝  ժամկետային զինծառայող Արման Լազգիյանի արտասահմանում բուժվելու հարցը վերջապես լուծվել է: Մինչեւ շաբաթվա վերջ նա կմեկնի Համբուրգ: Իսկ ողնաշարային հատվածում  ծանր  վիրավորում ստացած մյուս  զինծառայողին՝ Ռուբեն Առաքելյանին արտասահման տեղափոխելը հնարավոր կլինի  2-3 շաբաթ անց, երբ նրա վիճակը մի փոքր  կբարելավվի:

Ապրիլի վերջինին Իջեւանի զորամասերից մեկում մահացած հայտնաբերված 18-ամյա Հովհաննես Պետրոսյանի հայրը բացառում է, որ որդին կարող էր ինքնասպան լինել: Նախ նա չէր կարող երկու անգամ ինքն իր գլխին կրակել: Բացի դրանից՝ մի քանի օր առաջ Հովհաննեսը հորը հեռախոսով պատմել էր, որ սպաներն ուզում են բենզին գողանալ, իսկ ինքը թույլ չի տալիս, ինչի պատճառով էլ նրանց միջև կոնֆլիկտ է ստեղծվել:

Սինքրոն - 24-ամյա Արսեն Մարգարյանը պատմում է՝ ինչ է տեղի ունեցել մայիսի 10-ին  Լոռու մարզի Շնող գյուղում: Պարզվում է՝ նա 56-ամյա Սուսաննա Գալինյանին բռնաբարել է սպանելուց հետո: Սուսաննան նրա ազգականուհին էր, հոգեկան շեղումներ ուներ, ապրում էր միայնակ: Կինը մերժել է սեռական հարաբերության առաջարկը, Արսենը խեղդամահ է արել նրան, ապա բռնաբարել եւ այրել անկողինը, սակայն հետքերը թաքցնել չի հաջողվել:

Հանգստյան օրերին երկու սպանություն է տեղի ունեցել Շիրակի եւ Վայոց Ձորի մարզերում: Գյումրիում հրազենից սպանվել է «Դղյակ» սուպերմարկետի սեփականատեր Գուրգեն Ավետիսյանը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նրա մանկության ընկերը՝ նախկին հարկային տեսուչ Արմեն Փափազյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել:

Եվս մեկ սպանություն, այս անգամ՝ Եղեգնաձոր քաղաքում: Ուշ երեկոյան վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի ու դանակահարության: 25-ամյա Սամվել Հովակիմյանը, որը պայմանագրային զինծառայող էր, մահացել է, եւս 4 երիտասարդ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Տուժածներից մեկի վիճակը ծանր է:

Երկու շաբաթվա որոնումներից հետո 56-ամյա Գառնիկ Պետրոսյանի դին գտել են Վրաստանի տարածքում՝ Քուռ գետի վտակներից մեկում: Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչը անհետացել էր մոր ինքնահողից հետո: Գյուղացիները տեսել էին, որ նա ալկոհոլի ազդեցության տակ  գնում է Դեբետ գետի ուղղությամբ: Ասել էր, որ գնում է նետվի գետը:

«Եվրատեսիլ 2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը վերադարձել է Հայաստան: Վաղ առավոտյան օդանավակայանում նրան դիմավորել են բազմաթիվ երկրպագուներ: Չնայած մրցույթում մեր պատվիրակը 7-րդ տեղն էր զբաղեցրել, նա վստահեցրել է, որ շատ ջերմ ընդունելության է արժանցել Շվեդիայում:

Երեւանում մայիսի 17-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի մինչև 17, իսկ վաղը ցերեկը՝ մինչև 28 աստիճան տաքություն։

Այսօր աննշան արժևորվել է միայն ռուբլին, մյուս երեք արտարժույթների փոխարժեքները նվազել են: Այսպիսով, դոլարի փոխարժեքը կազմել է 478,   եվրոյինը՝  541, ֆունտինը՝ կազմել է 686, իսկ  ռուբլունը 7.36 դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ