News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Նախօրեից սոցիալական ցանցերում բուռն քննարկվում էր նորությունը, որ 2015 թվականին Հայաստանից Ադրբեջան է արտահանվել «9306» կոդով ապրանք: Սա բազմաթիվ հարցեր էր առաջացրել, քանի որ այս կոդը վերաբերում է ռազմամթերքին: Ինչ ռազմամթերք է Հայաստանից արտահանվել Ադրբեջան եւ ինչ նպատակով:  Ի վերջո, Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանեց. խոսքը 400 փամփուշտի մասին է, որը Հայաստանի հրաձգության ֆեդերացիան ուղարկել է Ադրբեջան այնտեղ կայացած Եվրոպայի խաղերին Հայաստանի հավաքականի մասնակցության համար:

Բուռն բանավեճից հետո Հարկային օրենսգրքի նախագիծն այսօր Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ:Կողմ է քվեարկել միայն Հանրապետական խմբակցությունը: Նույնիսկ ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Դաշնակցությունը» կողմ չի քվեարկել նոր օրենսգրքին: Ընդդիմադիրները պահանջում էին հետ կանչել նախագիծն ու քննարկել վիճահարույց դրույթները:  Հարկային օրենսգիրքը նախատեսում է պարզեցնել բիզնեսի ստուգումները, ինչպես նաև թեթևակի փոխել առանձին հարկատեսակների դրույքներն ու հարկման բազան, եկամտահարկը նվազեցնել ցածր աշխատավարձերի, և բարձրացնել 204 հազարից դրամից բարձր աշխատավարձերի համար: Նախատեսվում է բարձրացնել ծխախոտի եւ օղու ակցիզը, սակայն ձեռք չտալ գինուն ու կոնյակին: Սրանից բացի, Հայաստանում առաջին անգամ կհարկվեն ֆիզիկական անձանց շահաբաժինները:

Հունիսի 15-ին վերսկսվել են Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձեւաչափով քննարկումները, որոնց մասնակցում են իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Նշենք, որ այս ձեւաչափով քննարկումների առաջին փուլում հաջողություն չգրանցվեց. կողմերը համաձայնության չեկան, ընտրական օրենսգիրքն ընդունվեց առանց կոնսենսուսի:  Սակայն կողմերը հնարավոր էին համարում այս ձեւաչափով քննարկումների վերսկսումը՝ պայմանով, որ ընդդիմության կոնկրետ պահանջների շուրջ համաձայնության դեպքում Ազգային ժողովի արտահերթ նիստ գւոմարվի եւ  համապատասխան փոփոխություններ կատարվեն օրենսգրում: «Ժառանգությունը» քննարկումներին չի մասնակցում: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը եւ ԲՀԿ-ն, ինչպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հույս ունեն, որ այս անգամ համաձայնությունն իշխանության հետ հնարավոր է իրենց որոշ պահանջների, մասնավորապես քվեարկողներից 10 մատի մատնահետք վերցնելու առաջարկի շուրջ:

Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով որպես մեղադրյալ ներգրավված Արա Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուց եւ նրան ազատ արձակելուց հետո Բուդաղյանների ընտանիքը չի դադարելու պայքարել արդարության հաստատման համար: Ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ  ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտվի Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Նշենք, որ մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել այդ սպանության համար: Ավելին՝ Բուդաղյանները կասկածում են, թե դրանից մի քանի տարի անց Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձը բեմադրված չի եղել, ինչի արդյունքում Արա Բուդաղյանը անարդարացիորեն մեղադրվել եւ 11 ամիս պահվել անազատության մեջ:

 Երեւանում այսօր երիտասարդ տղամարդ է ցանկացել ինքնասպան լինել: Եղվարդ քաղաքի 30-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը, կանգնել հակառակ կողմում ու ասել, որ ուզում է նետվել: Փրկարարներին հաջողվել է նրան համոզել չդիմել նման քայլի: Տղամարդը ոստիկաններին ասել է, որ անձնական խնդիրների պատճառով է նման քայլի դիմել:

Արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրում: 15-ամյա բնակիչը մեղադրվում է 5-ամյա եւ 9-ամյա երեխաների նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու մեջ։Նախաքննությունը ապացուցված է համարել, որ գործողությունները կատարվել են բռնի, օգտվելով տարիքով պայմանավորված անտեղյակությունից եւ դիմադրելու անկարողությունից: Քրեական գործը դատարանում է:

Երեւան-Բաթումի-Երեւան երթուղու «Արմենիա» գնացքը վերսկսել է աշխատանքը: Սեզոնի առաջին գնացքը մեկնել է հունիսի 15-ին ժամը 15:30-ին: Այդ ժամին է այսուհետեւ ամեն օր գնացքը դուրս գալու Երեւանի կայարանից եւ Բաթում է հասնելու 15 ժամ 40 րոպեում: Տոմսերն անցած տարվա համեմատ էժանացել են մոտ 20%-ով:

Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգիստը: Ներկա են նրա ընտանիքի անդամները, հարազատները, մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ, երկրպագուներ: 91 տարեկանում վախճանված արտիստին կհուղարկավորեն վաղը Կոմիտասի անվան պանթեոնում:

Հուլիսի 10-ից Հայաստանում կինոյի մեկ շաբաթյա տոն է: Մեկնարկելու է «Ոսկե ծիրան» միջազգային 13-րդ փառատոնը: Կազմակերպիչները առայժմ չեն բացահայտում գլխավոր ինտրիգները՝ ինչ միջազգային ֆիլմեր են ցուցադրվելու եւ արդյոք ավանդույթի համաձայն պետք է սպասել համաշխարհային կինոստղերի այցելություններին: Այս հարցերի պատասխանները խոստանում են տալ փառատոնից մեկ շաբաթ առաջ, միայն հայտնում են, որ այս տարվա փառատոնը նվիրված է լինելու Հայաստանի անկախության 25-ամյակին: Մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

Եվրո 2016-ին Ռուսաստանի հավաքականի հետագա մասնակցությանը սպառնացող վտանգն անգամ չի կարողանում զսպել ռուս երկրպագուներին: Չնայած բացման օրը Մարսելում սարքած ծեծկռտուքից հետո ՈւԵՖԱ-ն 150 հազար եվրոյով տուգանել էր Ռուսաստանի ֆուտբոլային միությանը եւ նախազգուշացրել, որ ստադիոնում ռուսաստանցի ֆանատների կողմից որեւէ խախտման դեպքում, թիմը կորակազրկվի եւ կհեռացվի մրցաշարից, նախօրեին Լիլ քաղաքում ֆրանսիական ոստիկանությունը ստիպված է եղել ռուս ֆանատներին ցրել արցունքաբեր գազով: Նրանք դարձյալ բախվել էին անգլիացի երկրպագուների հետ:

Եվրոն ու դոլարը մի քիչ էժանացել են, իսկ ռուբլին ու ֆունտը՝ թանկացել:Դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝ 7.27, եվրոյինը՝536, իսկ ֆունտինը՝ 679 դրամ:

 Հունիսի 16-18-ը օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երևանում հունիսի 16-ին տեղումներ չեն լինի: Գիշերը սպասվում է 18-20 , իսկ ցերեկը՝ 30-32 աստիճան տաքություն:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ