News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանում անգղերի 4 տեսակ է բույն դնում։ Դրանցից երեքը՝ սեւ անգղը, գառնանգղն ու գիշանգղը, գրանցված են Հայաստանի եւ միջազգային Կարմիր գրքում։ Սպիտակագլուխ սեւ անգղը գրանցված է միայն Հայաստանի Կարմիր գրքում։ Այս զարմանալի թռչունների, նրանց սովորույթների եւ նախասիրությունների մասին NEWS.am–ի ընթերցողին պատմել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանը։

«Անգղերի մշտադիտարկում իրականացնում ենք 2003-ից, ինչը մեզ թույլ է տվել նշումներ անել Կարմիր գրքի  համար, որը լույս է տեսել 2010-ին։  Եվ շարունակել ենք դրանց մշտադիտարկումը ոչ միայն այն պատճառով, որ այդ տեսակները ոչնչացման վտանգի տակ են, այլ նաեւ որովհետեւ անգղերը շատ զգայուն ինդիկատորներ են էկոհամակարգի վիճակի արձանագրման համար»,– նշել է Աղաբաբյանը։

Սպիտակագլուխ սեւ անգղը երամներ է ձեւավորում Լոռու, Տավուշի, Սյունիքի, Արարատի մարզերում։ Ներկայումս Սպիտակագլուխ սեւ անգղերի թիվը Հայաստանում 35-40 զույգ է։ Նրանք բույն են դնում խմբերով եւ ուտելիք են հայթայթում համագործակցելով։ Այդ պատճառով կարող են շատ ավելի մեծ տարածք զբաղեցնել, քան միայնակ տեսակները, ինչպես օրինակ գառնանգղը։ Սպիտակագլուխ սեւ անգղը բույն է դնում բարձր ժայռերում՝ քիվերում եւ խորշերում։  

Սեւ անգղը, ի տարբերություն մյուսների, բույն է դնում ծառերի վրա, ընդ որում, այս պահին այդ տեսակը պահպանվել է միայն Խոսրովի արգելանոցում։ Նա բույն է հյուսում գիհու մեծ ծառերի վրա։

Հայաստանում հիմա կա 8-9 զույգ սեւ անգղ, եւ թեպետ հիմա նրանց քանակը կայուն է եւ չի պակասում, սակայն այդ թիվը շատ ավելի քիչ է, քան խորհրդային տարիներին։ Դա մասամբ պայմանավորված է նաեւ սննդի բազայի բացակայությամբ, քանի որ խորհրդային ժամանակներում սննդի աղբյուր էին ծառայում սպանդանոցների թափոնները, իսկ դա ԽՍՀՄ փլուզումից հետո վերացավ։

Հարցին, թե կարելի է արդյոք հավելյալ կեր տալ թռչուններին դրանց քանակի աճի համար, Կարեն Աղաբաբյանը դրական պատասխան է տալիս։ «Կողքից կերակրել կարելի է։ Բայց դա պետք է կայուն պարբերաբար բնույթ կրի, ինչը ենթադրում է համապատասխան ֆինանսավորում։ Բայց սկզբունքորեն դա հնարավոր է։ Օրինակ՝ եվրոպական երկրներում կան «անգղերի ռեստորաններ»։ Մտահղացումն այն է, որ  դիտակետից որոշակի հեռավորության վրա լրացակերի հարթակ է տեղադրվում, որն ապահովում է այդտեղ անգղերի կանոնավոր ներկայություն եւ զբոսաշրջիկների այցելություններ։ Զբոսաշրջիկներից ստացվող եկամուտն օգտագործում են լրացակերի հարթակի անխափան աշխատանքն ապահովելու  համար։ 

Անգղերի մյուս տեսակը գառնագղն է։ Հայսատանում կա 9-10 զույգ գառնանգղ։ Նրանց թվաքանակը նույնպես կայուն է։ «Հայաստանում գառնանգղերի թիվը չի կարող շատ մեծ լինել հիմնականում այն պատճառով, որ նա շատ մեծ տարածք զբաղեցնող որսատեղիներ ունի, որոնք նրան թույլ են տալիս կեր հայթայթել ձագերի համար։ Մեծ տարածքները պայմանավորված են նրա սննդի յուրահատկություններով»,– նշել է Կարեն Աղաբաբյանը։

Չնայած այն հանգամանքին, որ անգղերը սնվում են լեշով, ամեն դեպքում նրանց միջեւ այդ լեշը բաժանված է։ Սեւ անգղերը հիմնականում սնվում են մսով, սպիտակագլուխ սեւ անգղերը՝ ներքին օրգաններով, իսկ գառնանգղերը՝ ոսկորներով։ «Այդ պատճառով նա պետք է մեծ տարածքներ ունենա, որպեսզի կարողանա սնունդով ապահովել որպես կանոն իր միակ ձագին»,– պարզաբանում է Կարեն Աղաբաբյանը։ 

Անգղերի մյուս տեսակն ամենափոքրն է՝ գիշանգղը։ Ի տարբերություն մյուս երեքի՝ նա ավելի լայն «մասնագիտացում» ունի։ Նա հարձակվում է եւ խոշոր լեշի  վրա, բայց ավելի հաճախ սնվում է մանր լեշերով, որոնք տեսանելի չեն ավելի խոշոր անգղերի համար, որոնք լեշը փնտրում են ավելի մեծ բարձրությունից։

Գիշանգղը լեշը փնտրում է 50-100 մ բարձրության վրայով թռչելիս եւ հետեւաբար նրան տեսանելի են փոքր կենդանիների մարմինները։ Հայաստանում կա մոտ 50-60 զույգ գիշանգղ։ Նրանք բույն դնելու հարցում պակաս պահանջկոտ են, քան մյուս, ավելի խոշոր տեսակները։ Այսինքն՝ կարող են բույն դնել հարաբերականորեն ցածր ժայռերում՝ 4-5 մ բարձրության վրա, ինչն անընդունելի է սեւ անգղերի եւ գառնանգղերի համար։ Վերջիններս ամենացածր բույնը հայտնաբերվել է 50 մ բարձրության վրա։ 

 «Մեր բոլոր անգղերը տուժում են որսագողների կրակոցներից։ Գրասենյակում, հյուրանոցում, ռեստորանում խրտվիլակ ունենալու միտումը, ցավոք, շարունակվում է։ Հետեւաբար, պահանջարկը ձեւավորում է առաջարկ։ Այս ամենով հանդերձ, Հայաստանի շատ շրջաններում որսորդները բավական պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին։ Մասնավորապես, շատ մարզերում որսորդն այն մոտեցումն ունի, որ եթե դու սպանում ես գիշատչի, որը նույնպես որսորդ է, ապա դու կարող ես սպանել  նաեւ քո ընկեր որսորդին։ Այդ պատճառով նրանք գիշատիչ թռչունների նկատմամաբ այլ վերաբերմունք ունեն։ Բայց կա որսագողություն, որը պայմանավորված է տնտեսական պատճառներով կամ որսորդների մոտ բնապահպանական կրթության բացակայությամբ։ Ցավոք, ինձ հայտնի չէ ոչ մի դեպք, երբ որսագողը սպանած թռչնի համար ձերբակալվեր եւ պատժվեր։ Եվ դա միայն տեսչական ստուգման թերացման հարց չէ. կարծում եմ, որ բավական բարդ է հետեւել խրտվիլակից դրա վրա կրակած անձին տանող ճանապարհը։ Սակայն ելնելով մարդկանց հետ համագործակցության իմ փորձից՝ ես գիտեմ, ինչն է փոխում բնության նկատմամաբ մարդկանց վերաբերմունքը, եւ գիտեմ, որ համապատասխան քարոզարշավի դեպքում դժվար չի լինի պատասխանատու մոտեցում սահմանել որսի նկատմամբ եւ պակասեցնել որսագողությունը»,– եզրափակում է Կարեն Աղաբաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ