Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, որը սեպտեմբերի 16-ին Երեւան- Էջմիածին ավտոճանապարհին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով հոսպիտալացվել է, «զրո» է գնահատում նախօրեին կայացած ընտրությունները:
«Ինչպե՞ս պետք է գնահատեմ, բնականաբար՝ զրո, քաղաքապետի թեկնածուին ընտրությունից երեք օր առաջ շարքից հանել են ավագանու երեք թեկնածուի հետ, դրանից հետո ո՞նց պիտի գնահատեմ: Մեր վստահված անձինք էին նույնիսկ վախենում գնային, կանգնեին տեղամասերում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Թումանյանը:
Նշենք, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով հաղթել է գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նրան օգտին քվեարկել է 10 հազար 587 քաղաքացի, իսկ Արթուր Թումանյանը ստացել է 3651 ձայն: Ի դեպ, Թումանյանն առողջական խնդիրների պատճառով քվեարկության չի գնացել:
Հիշեցնենք, որ Էջմիածնի ընտրություններն անցել են բավականին լարված մթնոլորտում՝ քվեարկությունից մեկ օր առաջ հնչել էին կրակոցներ, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին ծեծի էին ենթարկել, որի հետեւանքով նա հոսպիտալացվել էր:





























