Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը «Թվիթեր»-ում արձագանքել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դանիել Բայերի հարցազրույցին:
«Դիվանագետներ կան, որոնք մինչեւ հիմա չեն հասկանում, որ իրենք են մեղավոր աշխարհի ներկայիս իրավիճակի համար: Բայերի հարցազրույցից ակնհայտ է, որ նա իրեն այնպես է պահում կարծես ԵԱՀԿ-ի առաջին քարտուղարը լինի (ինչպես եղել է խորհրդային տարիներին): Նա պետք է իմանա, որ նախագահը նրա մասին չի խոսել եւ չի խոսի: Նախագահը խոսել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանի մասին: Ի՞նչ նպատակով է նա փաստեր փնտրում: Այս դեպքում փաստերի անհրաժեշտություն չկա: Նայեք նրա Twitter-ը... Նա քնել չի կարողանա, եթե Ադրբեջանի մասին որեւէ սուտ, բամբասանք, զրպարտություն չասի: Նա արդեն ձանձրացրել է «միջազգային իրավունք» արտահայտության հաճախակի օգտագործմամբ: Մինչդեռ նա ոչ մի անգամ այդ արտահայտությունը չի օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: Այդպիսիների մասին ասում են ՝ …քարավանը շարունակում է իր ճանապարհը»,- գրել է Նովրուզ Մամեդովը:
Հիշեցնենք, որ արաբական առածն ասում է. շունը հաչում է՝ քարավանը գնում:





























