Հոկտեմբերի 9-ին թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը հրապարակել է Վանաձորի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները՝ թվելով նորընտիր 33 անձից կազմված ավագանու կազմում ընդգրկված կուսակցությունների անդամների անունները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ: Այսօրվա հրապարակումից պարզ դարձավ, որ ՀՀԿ-ի 13 մանդատներն ստացել են Մամիկոն Ասլանյանը (գլխավարում է ցուցակը), Գայանե Քալանթարյանը, Արտյոմ Գրիգորյանը, Կարեն Պառավյանը, Արթուր Օհանյանը, Արմեն Մատինյանը, Հայկազ Մովսիսյանը, Մարինե Հովհաննիսյանը, Արման Ափինյանը, Վահագն Դավիթավյանը, Դավիթ Սիմոնյանը, Սոխակ Մելքոնյանը, Սեյրան Ղամբարյանը:

«Լուսավոր Հայաստանի» 10-նյակում են Քրիստ Մարուքյանը (գլխավորում է ցուցակը), Հայկազ Սիմիկյանը, Հրանտ Այվազյանը, Կարինե Ղուկասյանը, Արմեն Եղիազարյանը, Վահե Կռոյանը, Ռոմիկ Մարգարյանը, Անահիտ Կարապետյանը, Կարեն Բեկչյանը, Միհրան Քոչարյանը:

«Հայկական վերածնունդը» կներկայացնեն Արկադի Փելեշյանը (գլխավորում է ցուցակը), Կարեն Դավթյանը, Էրիկ Մովսիսյանը, Հասմիկ Խլոպուզյանը, Տիգրան Նազարյանը:

«Բարգավաճ Հայաստանի» երեք մանդատը բաժին է հասել Այծեմնիկ Օհանյանին, Հրանտ Մարգարյանին, Դավիթ Հակոբյանին:

ՀՅԴ-ն կներկայացնեն Սեյրան Աղաբեկյանը եւ Արմենուհի Կյուրեղյանը:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ կուսակցությունները որոշել են հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստում հանդես գալ միասնական եւ քաղաքապետի պաշտոնի համար առաջ քաշել Քրիստ Մարուքյանի թեկնածությունը։ Այս երեք ոչ իշխանական ուժերը ավագանիում ունեն մեծամասնություն՝ 18 մանդատ, մինչդեռ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին ունեն 15 մանդատ։