Վրաստանում հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում դեռ ոչինչ պարզ չէ, քանի որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, որն առաջ է անցել իր մրցակիցներից, եւս 47 մանդատ է պակասում կառավարություն կազմելու համար: Այս մասին հաղորդում է «Վրաստանի հայ համայնքը»:

Նշենք, որ Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն՝ ըստ համամասնական ցուցակների՝ ընդամենը երեք կուսակցություն են կարողացել խորհրդարանի կազմում ընդգրկել իրենց թեկնածուներին։ Երկրի Սահմանադրության համաձայն՝ երկրի խորհրդարանում կարող են ընտրվել ընդամենը 77 պատգամավոր՝ ըստ համամասնական ցուցակի։ Կայացած ընտրությունների արդյունքում այդ 77 պատգամավորական մանդատները կբաշխվեն հետեւյալ կերպ․

«Վրացական երազանք» կուսակցություն՝ 44 մանդատ

«Միացյալ Ազգային շարժում» կուսակցություն՝ 27 մանդատ

«Հայրենասերների Միություն՝ միավորված ընդդիմություն»՝ 6 մանդատ։

Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, ապա 73 մեծամասնական ընտրատեղամասերից «Վրացական երազանք» կուսակցությունը կարողացել է հաղթել 22 տեղամասերում։ Մնացած 51 մեծամասնական շրջաններում նոյեմբերի 2-ին կկայանա քվեարկության երկրորդ փուլը։

Մեծամանական պատգամավորների ընտրությունների երկրորդ փուլում «Վրացական երազանք» կուսակցության համար բացարձակ հաղթանակը ծայրահեղ կարեւոր է, եւ ահա թե ինչու․ վրացական Սահմանադրության տեքստի համաձայն՝ Կառավարություն ձեւավորելու իրավունք ունի այն կուսակցությունը (կոալիցիան) որը Վրաստանի 150 տեղանի Խորհրդարանում նվազագույնս 113 մանդատ ունի։

Այսօրվա դրությամբ կուսակցություններից ոչ մեկը խորհրդարանում անհրաժեշտ քանակությամբ պատգամավոր չունի։ Որպեսզի Կառավարություն ձեւավորելու իրավունք ստանա, «Վրացական երազանք»-ը պետք է հաղթանակ տանի նվազագույնս 47 մեծամասնական ընտրատեղամասերում։ Իսկ դա, դատելով քվեարկության առաջին փուլի արդյունքներից, այնքան էլ հեշտ չի լինի...

Գոյություն ունի եւս մեկ տարբերակ՝ «Վրացական երազանքը» կարող է միավորվել «Հայրենասերների միություն» կուսակցության հետ։ Այդ դեպքում Կառավարություն ձեւավորելու իրավունք ստանալու համար բավական կլինի հաղթել 41 մեծամասնական տեղամասերում 47-ի փոխարեն։

Հարկ է նշել, որ այն դեպքում, եթե բոլոր 50 մեծամասնական տեղամասերում հաղթի «Միացյալ Ազգային Շարժումը», ապա այն, այսպես, թե այնպես չի ունենա անհրաժեշտ քանակությամբ մանդատներ կառավարություն ձեւավորելու համար։ Չի օգնի նույնիսկ քիչ հավանական միավորումը «Հայրենասերների Միություն» հետ։

Ընտրությունները շարունակվում են: