Հանրապետական Դոնալդ Թրամփի հակառակորդներն ամերիկյան Քալիֆորնիայի Օքլենդ եւ Բերքլի քաղաքներում բողոքի ցույցի են դուրս եկել՝ հրաժարվելով նրան նոր նախագահ ճանաչել: Ցույց է անցկացվում նաեւ Օրեգոնի համալսարանում: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BuzzFeed-ը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է նոյեմբերի 8-ին անցկացված ԱՄՆ նախագահական ընտրություններում: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնն արդեն զանգահարել է Թրամփին եւ ընդունել պարտությունը:

Կայքի խմբագիրն իր Twitter-ում ուղիղ հեռարձակում է ցույցը: Նրա խոսքով՝ Օքլենդում քայլերթին շուրջ 200 մարդ է մաասնակցում: «Մեր նախագահը չէ»,- վանկարկում են ցուցարարները: Լրագրողը նաեւ քաղաքի փողոցներում այրված առարկաներ է ֆիքսել:

Տեղական SFGate կայքն էլ հաղորդում է ցույցի մասնակիցներից մեկի վիրավորվելու մասին. մեքենան ցուցարարին վրաերթի է ենթարկել: Կնոջը ծանր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:

Oregon Live պարբերականը հաղորդում է Օրեգոնի համալսարանի ուսանողների կազմակերպած ցույցի մասին: Ցուցարարներն այրում են Թրամփի նախընտրական արշավի Make America Great Again գրությամբ պաստառները: