Ադրբեջանում 2014թ. օգոստոսին գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի գործով իրավապաշտպանների եւ փաստաբանների խումբը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց գործով զբաղվող իրավապաշտպաններից Արտակ Զեյնալյանը։
«Վիճարկում ենք կյանքի իրավունքի խախտման իրավաչափությունը»,- ասաց Արտակ Զեյնալյանը։
Թե վերջապես ինչ հանգամանքներում է մահացել Կարեն Պետրոսյանը եւ ինչպես են նրա հետ վարվել Ադրբեջանում, Զեյնալյանը խոստացավ առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես գալ։
Նշենք, որ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու համար Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում քննություն էր ընթանում։ ԱԱԾ-ն այդպես էլ առ այսօր որեւէ հայտարարությամբ հանդես չի եկել տեղի ունեցածի վերրաբերյալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր 2014թ. օգոստոսի 7-ին: Հաջորդ օրն արդեն՝ օգոստոսին 8-ին, ադրբեջանական կողմը տեղեկություն էր տարածել իբր «սրտի անբավարարության հետեւանքով» գերու մահվան մասին: Հոկտեմբերի 10-ին Ադրբեջանի իշխանությունները Կարեն Պետրոսյանի դին հանձնել են Հայաստանին:




























