News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը սադրանք է՝ ուղղված ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման դեմ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսպես է արձագանք հանցագործությանը: Ռուս դեսպանի վրա կրակել են Անկարայի ժամանակակից արվեստների կենտրոնում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ցուցահանդեսի բացման ժամանակ: Անդրեյ Կառլովի մարմնից դատաբժշկական հանձնախումբը 9 փամփուշտ է հանել: Դեսպանի, իսկ հետո՝ հավաքվածների ուղղությամբ կրակոցներ է արձակել ոստիկան Մեւլութ Մերթը, որին հետո իրավապահները սպանել են: Ըստ տեղեկությունների՝ Մեւլութ Մերթը սպանության օրվա համար աշխատավայրից մեկ օրով թույլտվություն էր վերցրել, տեղավորվել ցուցասրահի մոտ գտնվող մի հյուրանոցում։ Դեպքից առաջ նա սափրվել է, կոստյում հագել եւ ոտքով հասել արվեստների կենտրոն, որտեղ ելույթ էր ունենալու Ռուսաստանի դեսպանը:

Դեսպան Կառլովի դին հայրենիք են տեղափոխել, իսկ մինչ այդ Անկարայում սգո արարողություն է կազմակերպվել եւ վերջին հրաժեշտն են տվել ռուս դիվանագետին: Միջազգային հանրությունն ու կազմակերպություները դատապարտել են դեսպանի սպանությունը՝ կատարվածն ահաբեկչություն որակելով: Իսկ Անկարան խոստացել է անել հնարավոր ամեն ինչ՝ Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության, մեղավորներին արժանի պատիժ տալու համար: Թուրքիայի արտգործնախարարի տեղեկացմամբ՝ որոշվել է Անկարայում այն փողոցը, որտեղ գտնվում է Ռուսաստանի դեսպանատունը, վերանվանել Անդրեյ Կառլովի անունով։

Ահաբեկչություն Գերմանիայի մայրաքաղաքում: Բեռլինի կենտրոնում բեռնատար մեքենան մխրճվել է սուրբծննդյան տոնավաճառի տարածքում հավաքված մարդկանց բազմության մեջ։ 12 զոհ կա, 48 մարդ հիվանդանոցներ է տեղափոխվել: Գերմանիայում կատարվածն ահաբեկչություն են որակել: Մեքենան լեհական պետհամարանիշով է եղել: Վարորդը փախուստի է դիմել, ավելի ուշ նրան ձերբակալել են, իսկ մեքենայում գտնված մյուս անձը տեղում մահացել է: Այս դեպքից հետո Ֆրանսիայում, որտեղ բազմաթիվ քաղաքներում նույնպես սուրբծննդյան տոնավաճառներ են բացվել, անվտանգության միջոցառումները խստացրել են: Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին էլ ֆրանսիական Նիս քաղաքում էր մեքենան մխրճվել մարդկանց բազմության մեջ՝ 84 մարդու կյանք խլելով:

Մինչեւ հիմա Վիկտոր Դալլաքյանը, կարծես, Սեյրան Օհանյանի խոսնակի դերն էր կատարում՝ պարբերաբար խոսելով նրա քաղաքական մտադրությունների մասին: Վերջապես հայտարարությամբ է հանդես եկել անձամբ պաշտպանության նախկին նախարարը: Նա նշել է, որ խորհրդակցությունների շարք է սկսել քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների եւ մտավորականների հետ ու որոշել ակտիվորեն մասնակցել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Սեյրան Օհանյանը հավաստել է, որ համախոհների թիմ է ձեւավորելու եւ հանրությանը ներկայանալու է իրատեսական ծրագրով՝ խնդիր ունենալով Հայաստանում ձեւավորել նոր որակի քաղաքական եւ տնտեսական համակարգ՝ նոր որակի կառավարմամբ: Ի դեպ, խոսակցություններ կան, որ Սեյրան Օհանյանը միանալու է Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետություն» կուսակցությանը: Պաշտպանության նախկին նախարարի հայտարարությանն արդեն արձագանքներ են հնչել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից: ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը կարծիք է հայտնել, որ քաղաքականությունը ձգում է բոլոր նախկին պաշտոնյաներին:

ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից Դոնալդ Թրամփը նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում նույնպես հավաքել է ընտրիչների անհրաժեշտ 270 ձայները եւ վերջնականապես ամրապնդել է իր հաղթանակը: Ընտրիչների կոլեգիայի քվեարկության արդյունքները պաշտոնապես կհաստատվեն հունվարի 6-ին, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում, իսկ Թրամփի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, ինչից հետո էլ նա կստանձնի պետության ղեկավարի պաշտոնը:

Մոսկվայում ձերբակալվել է Հակոբ Մելիքսեթյանը, որը քրեական շրջանակներում հայտնի է Հակոբ Ռիժի անունով: Որոշ տեղեկություններով, քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի մտերիմը կապ է ունեցել մի շարք աղմկոտ հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առեւանգումների եւ դրամաշորթության հետ։ Հուլիսին հաղորդվել էր, որ գործարար Յուրիկ Աբրահամյանի առեւանգումը պատվիրելու համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Մելիքսեթյանն առողջական վատ վիճակի պատճառաբանությամբ ազատ է արձակվել:

Նոյեմբերի 30-ին Արցախում վիրավորված զինծառայողներ Կարապետ Միքայելյանն ու Քաջիկ Բադալյանը դուրս են գրվել հոսպիտալից: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը: 19-ամյա Կարապետ Միքայելյանը գլխի թափանցող վիրավորում էր ստացել, իսկ Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել էին նրա աղիները եւ աջ ազդրը:

Սպիտակում իր երկու երեխաների հետ մահացած հայտնաբերված 45-ամյա Մարինե Հովհաննիսյանը հոգեկան խնդիրներ է ունեցել, 2013 թվականից հաշվառված է եղել հոգեբուժարանում: Հարթագյուղում ապրող ամուսինն այդ պատճառով էլ 3 տարի առաջ բաժանվել է նրանից, ինչից հետո կինը երեխաների հետ հեռացել է գյուղից: Մարինե Հովհաննիսյանի ամուսնուն երեկ երեկոյան բերման են ենթարկել, ավելի ուշ, սակայն, ազատ են արձակել: Հիշեցնենք, որ Մարինե Հովհաննիսյանը Լոռու մարզի Սարալանջ գյուղում քիմիայի ուսուցչուհի էր աշխատում: Նա դեկտեմբերի 19-ին, նախնական վարկածով, խեղդամահ է արել իր դուստրերին եւ ինքնասպան եղել: Հայտնի է, որ նրա մայրը նույնպես ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:

Ավտոմեքենայում դի են հայտնաբերել: Երեւանի Դավիթաշեն համայնքում քաղաքացիներից մեկը նկատել է տղամարդու մարմինն ու ահազանգել իրավապահներին: Նրա ինքնությունը պարզվել է: Թե ինչ հանգամանքներում է նա մահացել, հայտնի կլինի քննությունից հետո: Ոստիկանության փոխանցմամբ՝ մարմնի վրա բռնության հետքեր չկան:

Դոլարն ու եվրոն կտրուկ արժեզրկվել են: Դեկտեմբերի 20-ին դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 500, ռուբլունը՝ 7 դրամ 81 լումա, ֆունտինը՝ 596 դրամ։

Գիշերային սառնամանիքները վերջապես աննշան կնվազեն: Դեկտեմբերի 21-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կրկին էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ