ՀՀ նախագահի կոչը լրագրողներին ոչ թե այն էր, որ պետք է մոռանալ, այլ ընդունելով խնդիրը՝ առաջ գնալ։ Այս մասին դեկտեմբերի 22-ին՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Պատասխանելով հարցին, թե ճիշտ էր արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, երբ լրագրողներին կոչ էր անում մոռանալ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ բռնությունները՝ նախարարը նշեց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել պետության ղեկավարի բառերը։ «Կոչի էությունը հետեւյալն էր. չմոռանալ, այլ ուղղակի ընդունելով խնդիրը՝ առաջ գնալ։ Հասկանում ենք եւ ֆիքսում, որ կա խնդիր, եւ այդ խնդրի լուծման համար մենք ճանապարհներ ենք փնտրում եւ առաջ ենք գնում»,– ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ արդարադատություն իրականացնող սուբյեկտը ոչ թե նախարարն է, այլ Հայաստանի դատական համակարգը։ «Այն պարբերաբար կատարելագործման կարիք ունի։ Կան արդյոք խոցելի տեղե՞ր, իհարկե կան։ Քանի դեռ ՀՀ քաղաքացիները սուբյեկտիվ դժգոհությունից բացի, ունեն նաեւ օբյեկտիվ բողոքեր, մենք չենք կարող խոսել բացարձակ արդարադատության մասին»,– ասել է Արփինե Հովհաննիսյանը։




























