Գերատեսչությունների գործունեությունը գնահատվելու է ներդրումային ցուցանիշներով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կառավարությունում նախարարությունների, գերատեսչությունների եւ մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներին ու հայտանիշերին նվիրված խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարեւորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին: «Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաեւ տարեկան ներդրումային ծրագիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարը կարեւորել է ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ գերատեսչությունների աշխատանքը եւ նշել, որ այդ հարցին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
«Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել ներդրողների հետ, ցուցաբերել բիզնես մոտեցում, փոխել ներդրումային մթնոլորտը: Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ, որոնց պետք է խրախուսել՝ ներգրավվելու տարբեր ծրագրերում»,- շեշտել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ձեւավորվելու է նաեւ մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, ներկայացվելու են զարգացման ուղղություններն ու առավելությունները: Վարչապետի խոսքով՝ մարզպետարանների գործունեության հիմնական ուղենիշերը պետք է հիմնված լինեն մարզի անձնագրի վրա: Այժմ քայլեր են ձեռնարկվում՝ մարզերում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:
«Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր անձնագիրը, համայնքային ծրագիրը, եւ մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ:





























