News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին  նախարար Սեյրան Օհանյանի քաղաքականությամբ զբաղվելն ու ոչ իշխանական ճամբարում հանգրվանելը դեռ անհավատալի է թվում իշխանության ներկայացուցիչներին, մասնավորապես նրանց, որոնք Սեյրան Օհանյանին մարտական ընկեր են համարում։ Դեռ չունեն հարցի պատասխանը, թե ով եւ ինչը ստիպեց իշխանության առանցքային ներկայացուցչին պաշտոնից ազատվելուց անմիջապես հետո հիշել երկրի խոցերի մասին, լծվել քաղաքական ուժերի համախմբմանն ու պայքար սկսել իշխանության դեմ։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ադ կապակցությամբ առայժմ միայն  ցավ է զգում։ Այդ մասին նա ասել է NEWS.am-ի հետ զրույցում։

Պարոն Սարոյան, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնից ազատվելուց հետո հանգրվանեց ոչ իշխանական ճամբարում։  Ակտիվ բանակցություններ է վարում քաղաքական ուժերի հետ, փորձում է լայն դաշինք ստեղծել ու ընտրությունների միջոցով հասնել իշխանափոխության։ Ինչպե՞ս եք վերաբերում նրա ընդդիմադիր գործունեությանը։

Ինձ չէր թվում, որ Սեյրան Օհանյանը տենց ճանապարհ կբռնի, հիմա եթե էդ ճանապարհն ա բռնել, ի՞նչ կարամ ասեմ։ Թող ինքը որոշի, թե ինքը որ ճամբարում կարա ըլնի։ Ես միշտ ասում էի՝ Սեյրան չի գնա ուրիշ ճամբար, բայց որ գտել ա՝ տենց ա իրան  պետք, ինչ կարամ ասեմ, ցավում եմ, ուղղակի ցավում եմ, որովհետեւ ինքը պետականամետ մարդ ա եղել, միշտ պետության կողմից ա եղել, ընձի ցավ ա պատճառում դա։

Ինչո՞ւ եք ցավում, Սեյրան Օհանյանը լծվել է երկիրը  ծանր վիճակից դուրս բերելու գործին,  նա իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է արել երկրի տնտեսական վիճակի մասին՝ ասելով, որ երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, իրական առաջընթաց՝  բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն։

Ինքը երեկ ա դուրս եկե էդ նույն իշխանությունից, ինքը որ հիմա տենց ա մտածում, ինքը ընդեղ չէ՞ր, Ամերիկա՞ էր։ Եթե ինքը նոր ա տեսնում, որ իշխանությունը լավը չի, չեմ հավատում դրան, քանի որ ինքը նույն իշխանության մեջ էր, բա խի բան չփոխվա՞վ, եթե տենց էր, խո ինքն էլ դրսից նայող չէր, առավել եւս որ ինքը ամենահզոր նախարարն էր։  Ընկերս է Սեյրան Օհանյանը, բայց ցավ ա ինձ համար։ Իրան չեմ տեսել իր հետ չեմ խոսացել, ինչ գիտեմ, էդ ֆեյսբուքներից գիտեմ, բայց որպես ընկեր՝ ընձի ցավ ա, որ էսօր ինքը պտի էթա ուրիշ դաշտ։ Իմ մտածելով՝ իրան հեչ պետք էլ չէր։ Ես իմ մտածածն եմ ասում, բայց ամեն մարդ իր մտածելակերպն ունի, ինքը գիտի՝ ուր ա էթում, ես չէ, որ Սեյրանին պտի ասեմ՝ գնա կամ մի գնա, բայց ես չէի ուզի, որ Սեյրանը մեր կողքին չըլներ, մեր դաշտում չըլներ։ 

Իսկ ինչո՞ւ  ձեր դաշտից հեռացավ, անցավ հակառակ ճամբար։

Ես չեմ կարող ասել, որովհետեւ ես անձամբ չեմ խոսացել իրա հետ, խո օդի մեջ խոսացողներից չեմ... Ես ուղղակի իմ սրտի ցավն եմ ասում, ես չեմ ասում՝ խի գնաց, խի չգնաց, ուղղակի իմ սրտի ցավն եմ ասում, որ չէի ուզենա ընկերս էթար։

Իսկ Սեյրան Օհանյանը կարո՞ղ է  անկաշկանդ պայքարել այն իշխանության դեմ, որի մեջքն էր չորս ամիս առաջ։ Ութ տարի եղել է իշխանության առանցքային հենարանը։

Երեւի էլի, չգիտեմ, Սեյրանը լուրջ մարդ ա, չգիտեմ՝ ինչ ա մտածե, ես հո չեմ կարա ստից խոսեմ խոսալու համար։ էլի եմ ասում՝ ուղղակի ես Սեյրանին միշտ հարգե-սիրեր եմ, իմ զինակից ընկերն ա եղե, իշխանության մեջ միշտ իրան նայեր եմ հզոր նախարար։ 

Հնարավո՞ր է՝ Դուք, կամ երկրապահներից միանան Օհանյանին։

Չէ, չէ, մոռացի, իմ համար եմ ասում, չի լինի։ Ես 20 տարեկան տղա եմ եղել, եկեր եմ  պետություն, պետականություն եմ հասկացե, տենց էլ կեթամ էս աշխարհից, կյանքում նման բան չեմ արե, չեմ էլ անի։  Դեպուտատ կլնեմ, չեմ ըլնի, վլաստի կըլնեմ, չեմ ըլնի, ես մտածում եմ, որ պետությունն իմն ա, սիրում եմ ու ֆսյո։

Չեք կարծո՞ւմ, որ Օհանյանին կմիանան զինվորականներ, իշխանականներ՝ ուժեղացնելով նրա պայքարը։

Կյանքը ցույց կտա, ես ինչ իմանամ։ Ինչ որ ասում ես՝ հեռու չի,կտենանք դաշտը ոնց ա դասավորվում, ոչ մի բան չի բացառվում։ Էսօր Սեյրան Օհանյանը, որ ընդդիմություն ա դառել, ես էլ ոչ մի բանի վրա չեմ կասկածում, ինչի մասին ա խոսքը։ Իմ համար զարմանալի էր, իսկականից սիրտս ցավում ա։

Նախկինում, եթե որեւէ մեկը Սեյրան Օհանյանին քննադատում էր, Դուք, Մանվել Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը կրծքով պաշտպանում էիք, չէիք հանդուրժում  նրան քննադատողներին։ Իսկ հիմա իշխանության դեմ պայքար սկսող Սեյրան Օհանյանին պատրա՞ստ եք այդպես պաշտպանել, բացառո՞ւմ եք, որ նրա դեմ դուրս կգաք՝ որպես իշխանության հակառակորդի։

Որովհետեւ պաշտպանության նախարարն էր, իսկ պաշտպանության նախարարը Սեյրանը կլինի, Պողոսը, Պետրոսը, ամբողջ ազգով պարտավոր ենք պաշպանել, որովհետեւ ինքը ազգի պաշտպանն ա, չի կարելի փնովել, վարկաբեկել ու իրա մասին վատ բան խոսալ... Ի՞նչ ա նշանակում՝ ես  իրա դեմ դուրս գամ, նա իր գաղափարն ու քաղաքականությունն ունի, ես՝ իմ։ Ինչի՞ իրար դեմ դուրս գանք, խո ինքը իմ ավտոն չի առե իմ ձեռից, որ մենք իրար դեմ կռվենք կամ պայքարենք։ Ինքը որ ներկայացնի՝ պետությունը սենց ա, ես էլ կասեմ՝ չէ, սենց ա։ Մեկը մյուսի հետ կապ չունի։ Էդ չի նշանակում, որ մենք թշնամի ենք։

Ձեր կարծիքով,  ի՞նչ ուժեր, ովքե՞ր համոզեցին Սեյրան Օհանյանին մտնել քաղաքականություն ու պայքար սկսել իշխանության դեմ։

Ինչ իմանամ՝ ով համոզեց, դրդեց, կամ չհամոզեց, ես իրան չեմ տեսե, որ իմանամ, այ որ խոսացած լինեի հետը, հաստատ կասեի։

Տպել
Ամենաշատ