News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Անցած հանգստյան օրերին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը զբաղված են եղել ակտիվ քարոզարշավով, իսկ Արմավիրում նախընտրական հերթական ընդհարումն է տեղի ունեցել: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարել է, որ Ջրառատ համայնքում սպառնացել են իրենց համակրին:

ՕՐՕ-ի համակրի վրա ատրճանակ են ուղղել, նաեւ կրակոց է հնչել: Կան բերման ենթարկվածներ, միջադեպին մասնակցել է նաեւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը: Վերջինը, ինչպես նաեւ վիճաբանության մասնակիցներից Միքայել Բաբոյանը, վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել: Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ միջադեպի ժամանակ Երանոսյանն իր ատրճանակից մեկ կրակոց է արձակել:

Դեպքին այսօր անդրադարձել է Սեյրան Օհանյանը: Չնայած ոստիկանությունը նշել է, որ միջադեպի պատճառը վաղեմի միջանձնային խնդիր է եղել, Օհանյանը, սակայն, դեպքը կապում է նախընտրական քարոզարշավի հետ: Սեյրան Օհանյանն իրավապահներին արդարության կոչ է արել, հակառակ դեպքում, խոստացել է, այլ քայլերի կդիմեն, բայց քայլերի մասին չի մանրամասնել:

Ընտրողներին ճնշելու մասին այսօր խոսել է նաեւ Արամ Մանուկյանը: Դրանով է բացատրում այն, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հանդիպումներն այնքան էլ մարդաշատ չեն:

Գագիկ Ծառուկյանն էլ Արագածոտնում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հորդորել է ընտրել ոչ թե մարդկանց, այլ քաղաքական ուժի օգտին: Ասում է՝ խորհրդարանում մեկ պատգամավորը ոչինչ չի որոշում, պարզապես կոճակ է սեղմում: Կրկին հայտարարել է, որ իրեն փող եւ պաշտոն պետք չէ, եւ դժգոհել քաղաքական ընդդիմախոսներից, որոնք բոցավառ ելույթներով փորձում են մոլորեցնել ընտրողներին. Ծառուկյանը ոչ թե խոսում, այլ գործ է անում:

Հաղթելու դեպքում «Ծառուկյան» դաշինքն ամեն ինչ կանի, որ թոշակներն առնվազն 25 հազար դրամով ավելացնեն: Գագիկ Ծառուկյանը զարմանում է, թե մարդիկ ինչպես են այդքան ցածր գումարով ապրում:

Կարեն Կարապետյանն էլ հանգստյան օրերին մարզերում էր քարոզում: Իրանի հետ սահմանակից Սյունիքում վարչապետը կետ առ կետ՝ կառավարության նիստի հանձնարարականների նմանությամբ, ներկայացրել է Հանրապետականի արածն ու ծրագրածը, խոսել ներդրումների մասին. 2017 թվականին մինչեւ 840 միլիոն դոլարի ներդրում են նախատեսում, որից 55 միլիոնը բաժին կհասնի Սյունիքին: Ծրագրերն իրականացնելու համար էլ Կարապետյանը ժողովրդի աջակցությունն է ակնկալում:

109 մլն դոլար էլ՝ 2450 նոր աշխատատեղով, կներդնեն Վայոց ձորում: Այստեղ Կարեն Կարապետյանը նաեւ ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետերից մեկին՝ վայքեցի Արբակ Վարդանյանին: Քարոզչության ժամանակ տղան մոտեցել է Կարապետյանին ու հարցրել, թե որտեղ պետք է սովորի, որ կարողանա վարչապետ դառնալ:

Նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում:  Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը նա կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերություններին, եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը նաեւ կհյուրընկալվի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:

Թուրքիայի եւ Նիդեռլանդների միջեւ քաղաքական սկանդալը թափ է հավաքում եւ կարող է տարածվել եվրոպական մյուս երկրներում, որտեղ թուրքական խոշոր համայնքներ կան։ Հետեւելով Գերմանիայի օրինակին՝ Նիդեռլանդները թուրք պաշտոնյաներին արգելել է հանդիպումներ ունենալ տեղի թուրքական համայնքի հետ եւ Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների շուրջ քարոզչություն իրականացնել: Այդ միջոցառմանը պետք է մասնակցեր նաեւ Մեւլութ Չավուշօղլուն, սակայն հոլանդական կառավարությունը թույլ չի տվել, որ նրա օդանավը վայրէջք կատարի:

Էրդողանն անցել է վիրավորանքների եւ սպառնալիքի. Հոլանդիային մեղադրել է ֆաշիզմի եւ իսլամատյացության մեջ, սպառնացել, որ պատասխան են տալու: Անկարան արդեն խոստացել է պատժամիջոցներ սահմանել Հոլանդիայի դեմ: Իսկ այդ ընթացքում Ստամբուլում Նիդեռլանդների հյուպատոսության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, ցուցարարները շենքի վրա ձվեր են նետել, հյուպատոսության շենքի տանիքի հոլանդական դրոշը փոխարինել են թուրքականով: Նիդեռլանդներում էլ թուրքերի ցույցը ցրել են, ձերբակալվածներ կան:

Թուրքիային դեմ բոյկոտին միացել են նաեւ Դանիան ու Շվեդիան, իսկ Եվրախորհրդարանն առաջարկում է քննարկել Եվրամիության տարածքում օտարերկրյա քաղաքական գործիչների քարոզչությունն ընդհանրապես արգելելու հարցը: Վերլուծաբաններն այժմ փորձում են հասկանալ, թե ինչն է Թուրքիայի դեմ եվրոպական այս բոյկոտի իրական շարժառիթը։ Համենայն դեպս հստակ է, որ սա մեսիջ է Էրդողանին, քանի որ հենց նրան են օդ ու ջրի պես անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունները։ Կարծիք կա, որ այս պատմության մեջ գլխավոր գործող անձը Գերմանիան է, որին դուր չի եկել Թուրքիայի մերձեցումը Ռուսաստանի հետ։

Դերասան Վարդան Պետրոսյանը վաղաժամկետ ազատ է արձակվել: Դատարանը բավարարել է նրա՝ պայմանական վաղաժամկետ ազատելու դիմումը: Պետրոսյանը կարող է մեկնել երկրից: Վարդան Պետրոսյանը մեղավոր էր ճանաչվել երկու երիտասարդի մահվան պատճառ դարձած ավտովթարի համար: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղում երկու մեքենաներ իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ 16-ամյա Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը մինչեւ վերջ չի ընդունել մեղավորությունը՝ պնդելով, որ առջեւի մեքենան հետընթաց է կատարել:

Մարտի 13-ին դոլարը եւ ռուբլին արժեզրկվել են, եվրոն՝ թանկացել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է արդեն 485 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 8 դրամ 23 լումա, ֆունտինը՝ 593 դրամ:

Մարտի 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ ձնախառն անձրեւ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն, գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ