News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Խորհրդարանական ընտրություններից 4 օր անց Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցերն են՝ հետընտրական վերադասավորումներն Ազգային ժողովում եւ Կառավարությունում: Ընտրությունների արդյունքում մանդատի իրավունք ստացած Հանրապետականներից ո՞վ կմնա Ազգային ժողովում, ո՞ւմ կգործուղեն Կառավարություն, կլինի՞ արդյոք կոալիցիա Դաշնակցության հետ, «Ծառուկյան» դաշինքն իրեն կդիրքավորի որպես ընդդիմությո՞ւն, թե՞ այլընտրանք:  Ցուցակի ոչ անցողիկ տեղերում գտնվողներն էլ շունչը պահած սպասում են՝ արդյոք բավարար թվով թեկնածուներ պաշտոններ կստանան՝ իրենց Ազգային ժողովում հայտնվելու հնարավորություն ընձեռելով:

Մյուս ինտրիգը՝ ի՞նչ պլաններ ունեն ընտրություններում պարտված քաղաքական ուժերի առաջնորդները եւ տարբեր պատճառներով Ազգային ժողով չմտած նախկին պատգամավորները: Մամուլում շրջանառվում են լուրեր, որ Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը դուրս են գալիս քաղաքականությունից եւ հեռանալու են Հայաստանից: Հիշեցնենք, որ երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել: Արտագաղթի ճանապարհն է բռնել նաեւ Մհեր Սեդրակյանը, որն այդպես էլ չմասնակցեց խորհրդարանական ընտրություններին:

Այսօր հայտնի են դարձել, թե ազգային փոքրամասնությունների որ ներկայացուցիչներն են լինելու Ազգային ժողովում: Ըստ այդմ, Հանրապետականի ցուցակով խորհրդարան կմտնեն եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Մախմուդյանը, քրդական համայնքից՝ Կնյազ Հասանովն ու ասորիների համայնքը ներկայացնող Արսեն Միխայլովը, «Ծառուկյան» դաշինքից խորհրդարան է անցնում ազգությամբ ռուս Տատյանա Միքայելյանը:

Թեեւ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի մեծ մասը հայտարարել է ընտրակեղծիքների մասին, այնուամենայնիվ, նրանցից ոչ մեկն այդպես չբողոքարկեց ընտրությունների արդյունքները, մրցապայքարից դուրս մնացածներն առայժմ բավարարվում են խորհրդարան անցած ուժերի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով: Նախօրեին ՕՐՕ դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանն ակնարկեց, որ «Ելք» դաշինքն իշխանությունների նախագիծն է:

Այսօր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ հերքել է այս մեղադրանքը:

«ԵԼՔ դաշինքի թիկունքին կանգնած ավելի քան 120 հազար մարդուն չնկատող եւ դրա փոխարեն փեսա տեսնող ցանկացած ոք ուշադրության եւ քնքշանքի ակնհայտ պակաս ունի եւ նմանվում է զոքանչի կողմից դուրս վռնդված տնփեսայի»,- գրել է նա:

Ավելի ուշ Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը նույնպես արձագանքել է Մարտիրոսյան- Փաշինյան հեռակա բանավեճին, դիմել է նրանց բաց նամակով՝ կոչ անելով դադարեցնել անիմաստ բանավեճն ու հանիրավի չշրջանառել իր անունը

«Հիմա յուրաքանչյուրդ ձեր կողմից ստիպված ավելի շատ ցավ պիտի պատճառեք ինձ՝ ցույց տալու համար, որ կապ չունեք ինձ հետ, մի բան, որ ի սկզբանե իրականություն է, բայց ցավոք, չգիտեմ ինչու, դեռ քննարկվում է՝ համեմվելով դատարկ հորինվածքներով։

Մենք անձնապես ծանոթ չենք. ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Մարտիրոսյան, ո՛չ Ձեզ հետ, պարո՛ն Փաշինյան։ Իմ անձնական հեռակա կարծիքը ձեր հանդեպ բարեկամական է՝ առանց որևէ կանխակալ բայցերի։

Այդ դեպքում որքանո՞վ է ազնիվ ինչ-ինչ հարցեր իրար հետ պարզելուց անպայման ու հետևողականորեն օգտագործել իմ անունը, որը տվյալ դեպքում նաև Հայաստանը ներկայացնող դիվանագետի անուն է»,- ասել է նա։

NEWS.am -ի հետ զրույցում արձագանքելով իրենց հասցեին հնչող՝ իշխանական պրոյեկտ լինելու մեղադրանքներին՝ Արամ Սարգսյանն ասել է՝ իրենց մեղադրողներին իշխանական պրոյեկտ լինելու մեջ կասկածելու ավելի շատ հիմքեր կան։ 

Նախորդ ընտրություններից դեռ ուշքի չեկած քաղաքական դաշտն արդեն ակտիվորեն պատրաստվում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին: ՀՀԿ-ի թեկնածուն ամենայն հավանականությամբ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: Այստեղ նույնպես օդում կախված հարցեր կան՝ կմասնակցի արդյոք «Ծառուկյան» դաշինքն ընտրություններին: Լուրեր են պտտվում, որ դաշինքում չեն բացառում ընտրություններին ընդհանրապես չմասնակցելու հնարավորությունը, քանի որ մտավախություն կա, որ Երեւանում կարող են պարտվել «Ելք»-ին: Ինքը՝ «Ելքը» նույնպես դեռ չի կողմնորոշվել. դաշինքի առաջնորդներից միայն Նիկոլ Փաշինյանն ունի երեւանյան գրանցում, այնուամենայնիվ, ավելի հավանական թեկնածու է դիտարկվում Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը:

Ինչեւէ պատկերը կհստականա առաջիկա օրերին, փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 9-ն է:

Ընտրություններից հետո Կառավարության առաջին նիստը Կարեն Կարապետյանը սկսել է հաղթանակի կապակցությամբ գործընկերներին շնորհավորելով, հիշեցրել է, որ իրենց թիմը ստացել է երկրում փոփոխություններ անելու քվեն, հետեւաբար, այսուհետեւ պետք է աշխատեն ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ;

Առնվազն այս ամիս շատ աշխատելու ծրագիրը չի իրականացվի. Կառավարությունը որոշեց Զատկի տոնի կապակցությամբ ոչ աշխատանքային հայտարարել ապրիլի 17-ը: 

Դրան հաջորդել են ավանդական հանձնարարականները տարբեր ոլորտները կարգի բերելու վերաբերյալ: Դրանցից մեկը վերաբերում էր մարզային ճանապարհները կարգի բերելուն. Կարապետյանը հանձնարարել է ակտիվացնել ճանապարհների շինարարությունը եւ ուսումնասիրել ճանապարհների սպասարկման հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, որը ֆինանսական աղբյուրներ կգտնի սպասարկման որակը բարձրացնելու համար:

Վարչապետը կրկին խիստ է խոսել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ. հարկավոր են այնպիսի բարեփոխումներ, որոնց արդյունքում Կոմիտեն կդառնա կոմերցիոն առումով լավ գործակալություն, հետեւում է, որ պետական գույքը լավ կառավարվի, իսկ այն գույքը, որն այլեւս պիտանի չէ, շահավետ պայմաններով վաճառվի:

Նիստից հետո վարչապետի հանձնարարականներին են անդրադարձել նախարարները: Ֆինանսների նախարարը բացատրել է, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր՝ պետք է աշխատել արտակարգ ռեժիմով:

Լրագրողները հեգնանքով նկատել են՝ միթե Կառավարության աշխատանքային ժամերի սակավությունն է երկրի տնտեսական խնդիրների պատճառը, արդյոք շաքարի մենաշնորհը մի մարդու չէր պատկանի, եթե Կառավարությունն ավելի շատ աշխատեր:

Ֆինանսների նախարարին լրագրողները հարցրել են նաեւ՝ որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ ընտրություններին կհաջորդի գնաճ, քանի որ օլիգարխները փորձելու են այդ կերպ հետ բերել բաժանված ընտրակաշառքները: Արամյանը մեկնաբանել է՝ գնաճ կարող է լինել, սակայն դա նախընտրական գործընթացների հետ կապ չունի: Ի դեպ, մամուլում արդեն տարբեր տեղեկություններ են պտտվում, թե տարածքային ցուցակներով չընտրված որոշ թեկնածուներ փորձում են հետ ստանալ իրենց բաժանած ընտրակաշառքները։

Համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել Օպերայի թատրոնի շենքում ռեստորան բացելու՝ Մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Շատ օգտատերեր կարծում են, որ չի կարելի մշակութային նման օջախում սննդի օբյեկտ բացել: Ընդդիմախոսներին պատասխանել է Արմեն Ամիրյանը: Մշակույթի նախարարը հիշեցրել է, որ Օպերայի ճեմասրահում այս պահին էլ սենդվիչներ եւ գազավորված ըմպելիքներ են վաճառում առանձին կետերում, ինչը պատիվ չի բերում Օպերային թատրոնին, իրենց առաջարկածն ընդամենը սննդի սպասարկումն Օպերայի ներսում ավելի քաղաքակիրթ դարձնելն է:

Նախօրեին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մահացել է դատապարտյալ 53-ամյա Հրաչյա Գեւորգյանը: Թեեւ պաշտոնական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է սրտի սուր անբավարարությունից, այնուամենայնիվ, մահացածի հարազատները եւ փաստաբանը չեն բացառում, որ նրա մահը կարող է սպանության կամ առնվազն հանցավոր անտարբերության հետեւանք լինել: Հիշեցնենք, որ Հրաչյա Գեւորգյանը դատապարտվել էր դրամաշորթության նպատակով իր սեփական կնոջն ու երեխային առեւանգելու մեղադրանքով: Նա բազմիցս ահազանգել էր քրեակատարողական հիմնարկում իր հանդեպ դաժան վերաբերմունքի մասին, հացադուլ հայտարարել, կարել բերանը, ավելին բաց նամակ էր հրապարակել, որում բացահայտումներ էր արել կալանավայրի ներսում գործող կոռուպցիոն շղթայի եւ աշխատակիցների միջոցով իրականացվող թմրանյութերի շրջանառության մասին: Փաստաբանը կասկածում է, որ նրա նման պահվածքն է եղել նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի պատճառը, ինչն էլ ի վերջո հանգեցրել է մահվան:

Վրաստանից հետո Ուկրաինան դարձել է Եվրամիության անդամ չհանդիսացող երկիրը, որն առանց վիզայի ռեժիմի անցնելու «կանաչ լույս» է ստացել: Եվրախորհրդարանն այսօր կողմ է քվեարկել նախագծին: Ռեժիմն ուժի մեջ կմտնի 20 օրից, ըստ նոր կարգի, Ուկրաինայի քաղաքացիները երեք ամիսը մեկ անգամ 90 օրով Եվրամիության տարածք մուտք գործելու իրավունք կունենան:  

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ: Դոլարի փոխարժեքն ապրիլի 6-ին կազմել է 484, եվրոյինը՝ 517 դրամ: Բրիտանական ֆունտը նույնես աճել է՝ 605 դրամ, նվազել է միայն ռուբլու փոխարժեքը՝ 8,59 դրամ: 

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին եւ 8-ին սպասվում են տեղումներ: Անձրեւներ են սպասվում հատկապես հյուսիսային շրջաններում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում հնարավոր է անձրեւ ապրիլի 7-ին երեկոյան ժամերին: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ