Տավուշի մարզում անցած տարվա ամռանն անչափահաս աղջկա սպանության համար Արսեն Խոջոյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան:

«Արսենը դատարանում ոչ մի բան չասաց, հրաժարվեց ցուցմունք տալ»,- ասաց մայրը:

Նշենք, որ գործով դատաքննությունը սկսվել էր ընդամենը մեկ ամիս առաջ: Վերջին խոսքում Արսենը ներողություն է խնդրել տուժող կողմից եւ նշել, որ զղջում է կատարվածի համար: Տուժող կողմն էլ իր հերթին դատարանին հայտնել է, որ բողոք-պահանջ չունի ամբաստանյալից եւ խնդրել է մեղմ պատիժ սահմանել:

Արսեն Խոջոյանի փաստաբան Աննա Մեժլումյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը չի ցանկանում վերաքննիչ բողոք ներկայացնել:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Խոջոյանը 2016թ հունիսի 24-ին ժամը 20։00-ի սահմաններում Բերդ- Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում իր մոր հասցեին տրված հայհոյանքի պատճառով առաջացած վիճաբանության ժամանակ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նույն գյուղի անչափահաս բնակչուհի Աստղիկի պարանոցի եւ որովայնի շրջանում, ինչի հետեւանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից աղջիկը մահացել է

Արսեն Խոջոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նա կալանավորված է:

Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը գերեվարվել էր Ադրբեջանի կողմից 2014-ի մարտի 7-ին, իսկ ազատ արձակվել ապրիլի 10-ին: Գերեվարությունից վերադառնալուց հետո նա բողոքում էր ֆիզիկական ու հոգեկան խնդիրներից: