Երկրորդ կայազորային քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Ավետիսյանի մահվան հանգամանքները։

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Արմենի Ավետիսյանը ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Կ.Ավետիսյանը հասցրել է ինքն իրեն՝  իրեն ամրակցված գնդացրով:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, նանակվել են փորձաքննություններ։

Ավելի վաղ NEWS.am—ը հայտնել էր, թե Ապրիլի 25-ին Արցախի ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Կարեն Արմենի Ավետիսյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: