News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո որտե՞ղ էր թաքնվում Նիկոլ Փաշինյանը: Երեւանի քաղաքապետի թեկնածուն այսօր ինքն է բացահայտել. Քանաքեռի «Շամպայն» կոչվող թաղամասի շենքերից մեկում: Փաշինյանի հայտարարությունն անակնկալի է բերել նույնիսկ քարոզարշավին մասնակցող «Ելք» դաշինքի որոշ անդամների: Մեկ այլ շենքի բակում էլ մի կին հայտարարել է, թե բոլորը ստում են, ընտրությունների էլ չի գնալու: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե ում է հավատում: Կնոջ պատասխանը զվարճացրել է Փաշինյանին:

«Երկիր Ծիրանիի» քարոզիչներն այսօր մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում են շրջել: Երեւանցիներին առաջարկել են ծանոթանալ «Երեւանի սիրուն աղջկա» հետ ու օգնել գրավել Արգիշտի 1-ը: Զարուհի Փոստանջյանի համախոհները մայրաքաղաքի բնակիչներին հորդորել են հրաժարվել կաշառքից ու դադարել ստորացված ապրել: Իրենք, հավաստում են, կաշառք չեն բաժանելու:

Իսկ Տարոն Մարգարյանն այսօր Աջափնյակում էր: Լրագրողները գործող քաղաքապետին հարցրել են, թե ինչո՞ւ է վախենում մրցակիցների հետ բանավեճի մասնակցելուց: Տարոն Մարգարյանը պատասխանել է նաեւ Երեւանի բյուջեի հաշվին հարստանալու մասին մրցակիցների հայտարարություններին:

Երեւանի թիվ 147 հիմնական դպրոցը կանվանակոչվի Ռոբերտ Աբաջյանի անունով. Արցախի հերոսը հենց այս դպրոցում է սովորել: Որոշումը կայացվել է Երեւանի ավագանու այսօրվա նիստում: Ռոբերտ Աբաջյանը զոհվել է 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը՝ Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս: Կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտի փոքրաթիվ զինվորները ռազմական գործողությունների առաջին գիշերը մի քանի անգամ հետ են շպրտել հակառակորդի ուժերին: Կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը զոհվել են արկի պայթյունից, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը վիրավորվել է, ինչից հետո Ռոբերտ Աբաջյանն իր վրա է վերցրել դիրքի պաշտպանությունն ու միայնակ շարունակել մարտը: Երբ հակառակորդը դիտակետերը շրջանցելով՝ ներթափանցել է դիրք, Ռոբերտ Աբաջյանը վիրավորվել է: Վիրավորված Անդրանիկին իր հետ տանելով՝ Աբաջյանը նահանջել է մինչեւ վերջին խրամախորշ, կապ հաստատել գումարտակի հրամանատարի հետ, մարտի մասին կարեւոր տեղեկություններ հաղորդել: Երբ հակառակորդը մոտեցել է, Ռոբերտը պարզել է իր մոտ մնացած միակ նռնակը՝ հանձնվելու նշան անելով, բայց պայթեցրել է իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների:

Երեկ Արցախի մարտական դիրքերից մեկում մահացած հայտնաբերված 19-ամյա զինծառայող Կարեն Ավետիսյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել անցյալ տարվա հուլիսին: Կարենն ընտանիքի միակ որդին էր, մեկ քույր ունի: Քննություն է տարվում՝ պարզելու նրա մահվան հանգամանքները: Նշենք, որ զինծառայողին հայտնաբերել են ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով: Նախնական տվյալներով՝ Ավետիսյանն ինքն է իրեն վնասվածք հասցրել իրեն ամրակցված գնդացրով:

Հարազատները, սակայն, համաձայն չեն առաջ քաշված վարկածին: Կարենի մորաքույրը մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ «9 ամսվա ծառայող զինվորը չէր կարող զենքի հետ անփույթ վարվել»: Ալինա Աբրահամյանի խոսքով՝ Կարենը գնդացրորդ էր, բայց ստացած վնասվածքը գնդացրի փամփուշտից հասցված վիրավորում չի եղել: Երիտասարդը գոհ է եղել ծառայությունից, ծառայակիցների հետ ոչ մի խնդիր չի ունեցել: Հիմա հարազատներին մնում է միայն սպասել փորձաքննությունների ավարտին:

Ծիծեռնակաբերդում այսօր տեղի է ունեցել ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառումը: Այս օրերին անմար կրակի մոտ բերված ծաղիկներին արդեն մի քանի տարի է՝ նոր կյանք են տալիս: Ծաղիկները հավաքում են, ցողուններն առանձնացնում ծաղկաթերթերից: Ցողուններից պարարտախառնուրդ է սարքվում, իսկ ծաղկաթերթերը վերամշակում եւ թուղթ են ստանում: Այն նվիրաբերում են Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին:

Երեւանում Nissan մակնիշի ավտոմեքենայում այսօր տղամարդու դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ մահացածը Երեւանի 31-ամյա բնակիչ Արմեն Ծատուրյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նա մահացել է սրտի կաթվածի հետեւանքով: Ծատուրյանը ծառայում էր պաշտպանության նախարարության Նուբարաշենի զորամասում՝ որպես ինժեներական ծառայության պետ, կոչումով մայոր էր:

Իսկ Լոռում մարզում արտակարգ դեպք է գրանցվել: «Փաշիգյուղ» կոչվող հանդամասում ինքնությունը չպարզված անձի հոշոտված դի է հայտնաբերվել: Դիակն անճանաչելի է, իրավասու մարմինները փորձում են պարզել մահացածի ինքնությունը:

Ապրիլի 26-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 528, ռուբլունը՝ 8 դրամ 57 լումա, ֆունտինը՝ 621 դրամ:

Ապրիլի 27-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ