Հանրապետության քաղաքների դպրոցները հարկավոր է օպտիմալացնել: Այս մասին մայիսի 11-ին՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց 15-օրյա ժամկետում քաղաքային դպրոցների օպտիմալացման առաջարկներ ներկայացնել: Սակայն դրա հետ մեկտեղ մանկավարժների ծանրաբեռնվածությունը չպետք է չափից մեծ լինի, իսկ դպրոցներում 2-րդ հերթափոխ չպետք է լինի, հավելեց Կարապետյանը: Մեկամսյա ժամկետում օպտիմալացման առաջարկներ պետք է ներկայացվեն նաեւ միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների համար:
Նախարարությունը երկամսյա ժամկետում պետք է նաեւ «Բարձրագույն կրթության մասին» օրինագիծ ներկայացնի, ինչպես նաեւ Ֆինանսների նախարարության հետ ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր թափանցիկ մոդել: Չորսամսյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել ուսանողների աջակցության եւ թոշակների բաշխման նոր մեխանիզմներ:




























