ՀՀ գլխավոր դատախազությունում ձեւավորված աշխատանքային խումբն ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներից առանձնացրել է միայն զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող  հաղորդումները:

ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի բազմաթիվ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում աշխատանքային խումբն առանձնացրել է առերեւույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 79 հրապարակում:

Բացի հիշատակված հրապարակումներից, ստուգման առարկա է դարձել նաեւ  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 38 ահազանգերը:

Ընդհանուր 117 հաղոդումներից՝

53-ը վերաբերել են ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում՝ 14-ը առերեւույթ ընտրակաշառք տալու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված)

29-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ինչպես նաեւ թեկնածուի կամ նրա վստահված անձի, դիտորդի, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված)

20-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված)

11-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված)

3-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու կարգը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված)

1-ը՝ ընտրական փաստաթղթերը հափշտակելու ենթադրությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.7-րդ հոդված)

Նշված բոլոր հաղորդումները օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով: