Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր՝ մայիսի 16–ին, քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել։  Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են քաղաքապետարանից։

Ավելի ուշ Արգամ Աբրահամյանը Facebbok-ի իր էջում գրել է հետեւյալը.

«Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով եւ պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու եւ Արտաշատն ավելի գեղեցիկ եւ հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ եւ արտաշատցիների համատեղ ջանքերով:

Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս եւ պետությանս ծառայելու համար:

Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա եւ նորովի ընկալեցի կյանքը:

Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, եւ խորհրդարանական ընտրություններին ինձ եւս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում:

Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի եւ Հայաստանի առջեւ կուտակված խնդիրները լուծելու համար»:

Նշենք, որ Արգամ Աբրահամյանը «Ծառուկյան» դաշինքի ցուցակով պատգամավոր է ընտրվել։

ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, պատգամավոր Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դեռ չեն քննարկել Արտաշատի քաղաքապետի թեկնածուի հարցը։   Ըստ Արտաշատում տարածված տեղեկությունների՝ ՀՀԿ–ն առաջադրելու է Հովիկ Աբրահամյանի վաղեմի հակատակորդ  Հովհաննես Ղազարյանի՝ գազի Հովոյի թեկնածությունը, ինչի մասին դեռ չի հաստատում Հովհաննես Ղազարյանը։

Նախնական տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն էլ  ցանկանում է առաջ քաշել յուրայինի թեկնածությունը՝ Արտաշատի քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանի։ Վերջինս Հովիկ Աբրահամյանի մորաքրոջ որդին է։