Ի տարբերություն շատ շատերի, ես շատ դժվարությամբ եմ համաձայնել այս մանդատն ընդունել. այսօր, վաղը, 40 օր հետո, մեկ տարի հետո կարող է լինել իրավիճակ, որ վայր դնեմ մանդատս: Այս մասին, այսօր՝ մայիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Ծառուկյան» դաշիքի ցուցակով պատգամավոր ընտրված ՀՀՇ անդամ Արարատ Զուրաբյանը:
Նա նշեց, որ որեւէ պայմանավորվածություն չի ունեցել «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ որեւէ քայլ անելու կամ չանելու, ինչ-որ պայմանով մանդատից հրաժարվելու կամ չհրաժարվելու վերաբերյալ. «Ես ունեցել եմ քաղաքական պայմանավորվածություն, որի արդյունքում հայտնվել եմ դաշինքի ցուցակի 6-րդ համարում: Ինքս ցանկանալով աջակցել դաշինքին, առաջարկել եմ, որ առաջադրվեմ նաեւ տարածքային ընտրակարգով: Ցավոք, այդ ժամանակահատվածում, չեմ կարողացել զբաղվել քարոզչական աշխատանքով, որովհետեւ տարել եմ լուրջ վիրահատություն: Փորձել եմ այնպես անել, որ աննկատ լինի հնարավորինս»:
Զուրաբյանն ասաց, որ երբ պարզ են եղել իր ստացած արդյունքները, ինքը հիասթափված ասել է, որ կրհրաժարվի մանդատից. «Ծառուկյանն ինձ առաջարկել է անպայման լինել պառլամենտում եւ հետ վերցնել ինքնաբացարկի դիմումը: Ես շարունակում եմ իմ գործունեությունն այստեղ: Ես չէի ուզում գայի խորհրդարան, մարդը ասեց՝ արի»:
Նշենք, որ Արարատ Զուրաբյանը «Ծառուկյան» դաշինքից ընտրված այն 8 պատգամավորներից մեկն է, որոնք սկզբում ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, հետո հետ վերցրել այդ դիմումները եւ վերցրել պատգամավորի մանդատները: Դրանից հետո Արարատ Զուրաբյանը հայտարարել էր, որ ԱԺ հենց առաջին նիստում վայր է դնելու մանդատը:





























