News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

117 տարի առաջ ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող ու օդաչու Անտուան դե Սենտ Էքզյուպերին։

Անտուանը ծնվել է 1900 թ․ հունիսի 29-ին, Լիոնում՝ ապահովագրական տեսուչ կոմս Ժան-Մարկ Սենտ Էքզյուպերիի ու Մարի Բուաէ դե Ֆոնկոլոմբի ընտանիքում։ Ընտանիքը սերում էր հին ազնվական տոհմից։ Անտուանը հինգ երեխաներից երրորդն էլ, նա ուներ երկու ավագ քույրեր՝ Մարի Մադլենն ու Սիմոնան, կրտսեր եղբայր Ֆրանսուան ու կրտսեր քույր Գաբրիելան։ Երբ Անտուանը 4 տարեկան էր, նրա հայրը մահացել է ներուղեղային արյան զեղումից։

Անտուանը առաջին անգամ օդ է բարձրացել 12 տարեկանում՝ 1912-ին Ամբերյո ան Բյուե ավիացիոն դաշտում։ Օդանավը կառավարում էր հանրահայտ օդաչու Գաբրիել Բրոբլեւսկին։ Բանակ զորակոչվելուց հետո Էքզյուպերին գրանցվել է կործանիչ ավիացիայի 2-րդ գնդում։ 1923-ի հունվարին նրա հետ տեղի է ունեցել առաջին ավիավթարը, որից հետո նրան զորացրել են։ Էքզյուպերին տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ գրականությամբ է սկսել զբաղվել։ 1 926-ին Էքզյուպերին դարձել է «Աէրոպոստալ» ընկերության օդաչուն, որը փոստ էր հասցնում Աֆրիկայի հյուսիսային ափ։ Այդպես է ծնվել նրա առաջին վեպը «Հարավային փոստատարը»։ 1930-ին Սենտ Էքզյուպերին գրել է իր «Գիշերային թռիչք» վեպը ու ծանոթացել իր ապագա կնոջ՝ Կոնսուելո Սունսինի հետ։ 1931-ի հոկտեմբերին թողարկվել է նրա «Գիշերային թռիչք» վեպը, որի համար նա արժանացել է «Ֆեմինա» գրական մրցանակի։ 1934-ից սկսած՝ Էքզյուպերին աշխատել է «Էր Ֆրանս» ավիաընկերությունում։ Որպես ընկերության ներկայացուցիչ նա ճամփորդել է դեպի Աֆրիկա, Չինաստան ու այլ երկրներ։ 1935-ի դեկտեմբերին Էքզյուպերին ձեռնարկել է ռեկորդ սահմանելու փորձը Փարիզ- Սայգոն թռիչքի ժամանակ, բայց վթարի է ենթարկվել Լիբիական անապատում, նորից հազիվ խուսափելով մահից։ Հունվարի 1-ին նա ու մեխանիկ Պրեվոն, ծարավից հյուծված, փրկվել են բեդվինների կողմից։ 1936-ի օգոստոսին, որպես «Էնթրանսիժան» թերթի թղթակից Էքզյուպերին Իսպանիա է ուղեւորվել, որտեղ քաղաքացիական պատերազմ էր։

Ֆրանսիայի վրա Գերմանիայի հարձակման հաջորդ օրը Անտուան դե Սենտ Էքզյուպերին ներկայացել է  զորակոչի  ու ընդունվել հեռավոր հետախուզության ավիամաս։

1944-ի հուլիսի 31-ին Անտուան դե Սենտ Էքզյուպերին հետախուզական թռիչք է իրականացրել Կորսիկա կղզի ու այլևս չի վերադարձել։

54 տարի անց Մարսելի մոտ ծովում մի ձկնորս հայտնաբերել է թևնոց, որի վրա Էքզյուպերիի անունն էր փորագրված ։ Գերմանացի վետերան 86-ամյա Հորսթ Ռիպերտը, հայտնել է, որ հենց ինքն է իր կործանիչով խոցել Անտուան դե Սենտ Էքզյուպերիին ։ Ռիպերտը հայտնել է, որ Էքզյուպերիի  մեծ երկրպագուներից է եղել ու երբեք չէր կրակի նրա վրա, բայց չգիտեր, թե ով է հակառակորդի օդանավի ղեկին։

Էքզյուպերիի ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Փոքրիկ իշխանը»,  առաջին անգամ հրատարակվել է 1943-ին, ու այդ հեքիաթը նույնիսկ հարյուրավոր անգամ կարդալուց հետո ընթերցողը դարձյալ դրա մեջ մի նոր բան է գտնում։ Դու պատասխանատու ես նրանց համար, ում ընտելացնում ես․․․

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ