News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովն այսօր կրկին արտահերթ նիստ էր գումարել: Օրակարգը ծավալուն էր՝ կազմված 9 հարցից: Գյուղացիական տնտեսություններին օգնելու համար Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ արագորեն քննարկվեց եւ ընդունվեց:

Այնուհետեւ պատգամավորներն անցան բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը: Մինչ իշխող կուսակցության ներկայացուցիչները փորձում էին արդարացնել 0.2% տնտեսական աճը՝ հիշեցնելով, որ 2016 թվականը Հայաստանի համար քաղաքական եւ տնտեսական առումով բարդ տարի էր, եւ այս ցուցանիշն անգամ կարելի է դրական արդյունք համարել, ընդդիմադիր «Ելք» եւ «Ծառուկյան» դաշինքների պատգամավորները պահանջում էին ոչ թե ներկայացնել թվեր, այլ հստակ փաստեր, թե ինչ է արվել՝ ժողովրդի վիճակը բարելավելու համար:

Նաիրա Զոհրաբյանը նախ հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարության մասին:  Զոհրաբյանը կցանկանար այսօր այլ բովանդակությամբ հաշվետվություն լսել, մասնավորապես՝ բիզնեսը մենաշնորհից ազատելու, խոշոր բիզնեսը ստվերից դուրս բերելու մասին:

«Ծառուկյան» դաշինքից Գեւորգ Պետրոսյանն էլ դժգոհ էր, որ կարեւոր այս քննարկմանը կառավարության անդամների մեծ մասը ներկա չէ: Պատգամավորը նաեւ փորձեց հիմնավորել, թե ինչու է իրենց խմբակցությունն այսքան բուռն քննադատում բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը նույնպես թվեր լսելու ցանկություն չուներ: Կարծում է, որ հաշվետվության մեջ պետք է տեղեկություններ լինեն այն մասին, թե ինչպես են լուծվել պետության ու հասարակության համար կարեւորագույն հարցեր: Խնդիրները Մարուքյանը ներկայացրեց Կարեն Կարապետյանի ոճով ու դպրոցական տարիները հիշելով՝ կառավարությանը գնահատական դրեց:

Բյուջեի կատարողականի մասին խոսելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը կրկին հետաքրքրվեց, թե 2018 թվականից ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ անցյալ շաբաթ կառավարություն գնացած նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի աթոռին էր նստել, իսկ վարչապետը տեղ էր զբաղեցրել նախարարական աթոռներից մեկին: «Ելք» խմբակցության ղեկավարը մինչեւ հիմա փորձում է նաեւ հասկանալ, թե ինչը չներեցին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ինչ վերաբերում է բյուջեի կատարողականին. Փաշինյանը չի հասկանում, թե ինչու դրա հաշվետվությունում ոչ մի խոսք չկա տնտեսության վրա ապրիլյան պատերազմի ազդեցության մասին:

Ազգային ժողով եկած Էդվարդ Նալբանդյանից էլ լրագրողները հետաքրքրվել են, թե երկու օր առաջ Ադրբեջանի իրականացրած սադրանքից հետո արդյո՞ք հայկական կողմը կհրաժարվի երկու երկրների արտգործնախարարների կամ նախագահների հանդիպումից

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Ադրբեջանը շփման գծում հերթական անգամ սադրանքի է դիմել: Հակառակորդը տարբեր զինատեսակներից խախտել է հրադադարի ռեժիմը՝ նաեւ ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ կիրառելով: 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ադրբեջանական զինուժն առաջին անգամ է նման զինատեսակ կիրառել: Արցախի զինուժը պատասխան հարված է հասցրել ադրբեջանական Ալխանլու գյուղի կրակակետին, ինչի հետեւանքով գյուղի երկու բնակիչ է զոհվել՝ կին եւ երեխա: Հայկական կողմը կորուստներ չունի: Պատգամավոր Կորյուն Նահապետյանը կարծում է, որ Ադրբեջանը նման սադրանքներով կրկին լայնածավալ ռազմական գործողությունների է ձգտում. փորձում է գլխիվայր շրջել իրավիճակը եւ ցույց տալ, որ զինված գործողությունները հայկական կողմն է նախաձեռնում:

Կառավարությունը փորձելու է բարձրացնել ընտանիքների անապահովության գնահատման արդյունավետությունը: Վարչապետը կարծում է, որ հարկավոր է ուսումնասիրել ու հաշվի առնել ամեն ինչ՝ բանկային գործարքներից մինչեւ գույքային իրավունքների մասին տեղեկատվություն:

Գործադիրն այսօր հաստատել է նաեւ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ բավական հավակնոտ սեփական եկամուտների մուտքերի աճ եւ շատ կոշտ հաստատուն ծախսերի կառավարում են նախատեսում, ցանկանում են տնտեսված միջոցներն ուղղել դեպի տնտեսական աճ: Բավական դժվար իրագործելի հայտանիշ է, այդ պատճառով վարչապետը բոլորից առավելագույնս համակարգված աշխատանք է ակնկալում:

Խոսելով տնտեսական աճի մասին՝ ֆինանսների նախարարը նշեց, որ կառավարության եւ Կենտրոնական բանկի կանխատեսումներն այս հարցում տարբերվում են: Վարչապետը խոստացավ այդ հարցը հետո Արթուր Ջավադյանի հետ քննարկել: Կրթության ոլորտի բարեփոխումները շարունակվում են: Մասնավորապես, մինչեւ այս տարեվերջ կվերանայվեն դպրոցների խորհուրդների, տնօրենների նշանակման եւ ազատման կարգերը: Ձգտում են բացառել դպրոցներում հովանավորչության, ազգակցական կապերի, շահերի բախման երեւույթները:

«Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով այսօրվա դատական նիստին ընդամենը 3 ամբաստանյալ էր ներկա: Մյուսների նկատմամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախորդ նիստում սանկցիա էր կիրառել: Այսօրվա նիստում էլ դատավորը սանկցիա կիրառեց պաշտպաններից Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի նկատմամբ: Փաստաբանները հրաժարվեցին առանց իրենց պաշտպանյալների ներկայության մասնակցել նիստին եւ լքեցին դահլիճը:

Մինչ հեռանալը, սակայն, Լուսինե Սահակյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ դատարանն անընդհատ խախտում է ամբաստանյալների եւ պաշտպանների իրավունքները: Փաստաբանը նաեւ նշեց, որ դատավորն ընդհանրապես իրավունք չունի դատական նիստեր վարել, քանի որ նրա նախագահությամբ նիստի ժամանակ դատարանի խցում «Սասնա ծռեր»-ի անդամներից մի քանիսին ոստիկանները բռնության են ենթարկել:

Ամբաստանյալներից Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել նիստին, քանի որ «Սասնա ծռեր»-ի մյուս 15 անդամները բացակայում են: Մանուկյանի հայտարարությանը միացան նաեւ Հովհաննես Հարությունյանն ու Թաթուլ Թամրազյանը, ինչից հետո լքեցին նիստերի դահլիճը: Արդյունքում դատական կարգը խախտելու համար նրանք նույնպես սանկցիայի ենթարկվեցին: Դատարանն այնուհետեւ առանց ամբաստանյալների սկսեց ինքնության ճշտման փուլը՝ նրանց մեկ առ մեկ դատարանի խցից դահլիճ բերելով: Ինքնության ճշտումից հետո ամբաստանյալներին կրկին հեռացնում էին դատարանի դահլիճից: «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով հաջորդ դատական նիստը հուլիսի 13-ին է:

«Կոնտինենտ Տեքս» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի առջեւ: Դերձակները պահանջում են իրենց 8 ամսվա չվճարված աշխատավարձը: Պետական 100 տոկոս բաժնեմասով ընկերությունը լուծարվել է 2013 թվականին, բայց աշխատակիցներին մինչեւ հիմա 8 ամսվա աշխատավարձի պարտք ունի: Դերձակներն ասում են՝ դռնեդուռ ընկած իրենց վաստակած գումարն են խնդրում, բայց միայն խոստումներ են ստանում: Զարմանում են. մի՞թե ոստիկանապետը չգիտի, որ իր համազգեստը կարող դերձակները մինչեւ հիմա փող չեն ստացել:

Չլիցենզավորված եւ տուգանքները չվճարած տաքսիստներն էլ այսօր Ազգային ժողովի շենքի մոտ էին: Կառավարությունից պահանջում են զրոյացնել լիցենզավորման համար կուտակված տուգանքները: Վստահեցնում են, որ չլիցենզավորված տաքսիստների գործունեությունը 3 ամիս անց կասեցնելու մասին կառավարությունը իրենց չի ծանուցել, միտումնավոր 2-3 տարի հետո են տեղեկացնում, երբ տուգանքների չափը մեծացել է: Փոխարենը մինչեւ հիմա չեն կասեցնում որոշ տաքսի ծառայությունների ապօրինի եւ արտոնյալ պայմաններով գործունեությունը:

Հուլիսի 6-ին եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել: Արդյունքում եվրոպական արժույթի փոխարժեքը կազմել է 545 դրամ, դոլարինը՝ 480, ռուբլունը՝ 7 դրամ 98 լումա, ֆունտինը՝ 622 դրամ:

Հուլիսի 7-ին հանրապետության շրջանների զգալի հատվածում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես առանձին հատվածներում կարճատեւ անձրեւ կլինի: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ