News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ՝ աշնանային նստաշրջանը: Առաջին նիստին ներկա են եղել 105 պատգամավորներից 91-ը: Այս նստաշրջանի օրակարգում 30 հարց է ընդգրկված, որից 9-ը վերաբերում է միջազգային համաձայնագրերի:

Նման մի համաձայնագիր արդեն ներկայացվել է պատգամավորներին: Հայաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել եւ պատրաստվում են Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպաս ստեղծել: «Ելք»-ից Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել նախաձեռնությունը, նաեւ հայտարարել, որ կողմ են քվեարկելու: Բայց նախ ֆինանսների փոխնախարարին հարցրել է հայ-իրանական համատեղ մեկ այլ նախագծի՝ Մեղրիի ՀԷԿ-ի ճակատագրի մասին: Հիմնարկեքը նախագահի մասնակցությամբ կատարվել է 2012 թվականին, իսկ ծրագիրը պետք է ավարտին հասցնեին հինգ տարվա ընթացքում: Վախթանգ Միրումյանը նախագծի ընթացքի մասին ոչինչ ասել չի կարողացել: Հարցը Փաշինյանն ուղղել է նաեւ Գագիկ Մելիքյանին: Նա նույնպես անորոշ է պատասխանել. շինարարության հետ կապված բանակցություններն ընթանում են: Սրան Փաշինյանն արձագանքել է «Կարգին հաղորդում»-ից մեջբերումով:

Իսկ ելույթում Փաշինյանը հիշեցրել է հայ-իրանական մի շարք նախագծերի մասին եւ արձանագրել, որ դրանք, ըստ էության, ձախողվել են. Մեղրիի ՀԷԿ, գազի տարանցում, նավթի վերամշակման համատեղ ձեռնարկություն, Իրան-Հայաստան երկաթուղի: Հիմա արդեն պատգամավորը կասկածում է, որ նոր ծրագիրը հաջողություն կունենա:

«Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվել է, թե ինչ չափորոշիչներ են սահմանվում գիտական դրամաշնորհների տրամադրման հարցում: Դժգոհել է, որ «էլիտար գիտնականները կաստա են ստեղծել» եւ երիտասարդներին չի հաջողվում ճեղքել պատնեշը: Սամվել Հարությունյանը վստահեցրել է, որ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնում բոլոր գիտական նախագծերը մանրամասն քննարկում են:

Խորհրդարանի միջանցքում լրագրողները զրուցել են առաջին նիստին Գագիկ Ծառուկյանի հետ: Նա, ի դեպ, խոստացել է, որ այս նստաշրջանում իրեն ավելի հաճախ կտեսնեն խորհրդարանում: «Ծառուկյան» դաշինքի ղեկավարին հարցրել են, որ եթե ՀՀԿ-ն 2018 թվականի ապրիլից հետո վարչապետի պաշտոնում առաջադրի Սերժ Սարգսյանին, արդյո՞ք իր համար ընդունելի թեկնածու կլինի: Պատասխանել է, որ «եթե»-ներով խոսել չի ուզում, երբ կառաջադրեն, այն ժամանակ էլ կարծիք կհայտնի:

Գործող վարչապետի գործունեությանը գնահատական տալը Ծառուկյանը կոռեկտ չի համարում: Ասել է՝ Կարապետյանն իր ընկերն է, խնդիրների մասին անձամբ նրա հետ է խոսում: Բայց մի քանի դրական առաջընթացի մասին, ամեն դեպքում, խոսել է: Իսկ եթե խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրենց 50+1 ձայն տար, «Ծառուկյան» դաշինքը կկատարեր նախընտրական բոլոր խոստումները, այդ թվում՝ 15 մլրդ դոլարի ներդրումները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Բլոգերին արտահանձնելու են Թել Ավիվին. արտգործնախարարությունն ու Բաքվում Իսրայելի դեսպանատունն արդեն համապատասխան փաստաթղթերն են նախապատրաստում: Մինչ այդ, սակայն, Լապշինը մեկուսարանում ինքնասպանության փորձ է արել, վերակացուները հասցրել են կանխել: Լապշինն այժմ բժիշկների հսկողության ներքո է: Ադրբեջանի հարցմամբ բլոգերը ձերբակալվել էր 2016 թվականին Մինսկում եւ արտահանձնվել Բաքվին: Ադրբեջանը նրան «սեւ ցուցակում» էր ընդգրկել առանց իր համաձայնության Արցախ այցելելու համար: Բաքվի դատարանն Ալեքսանդր Լապշինին 3 տարվա ազատազրկման է դատապարտել:

Միխայիլ Սահակաշվիլին սեպտեմբերի 10-ի երեկոյան հատել է Ուկրաինայի սահմանը: Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցներն ուկրաինական կողմում ճեղքել են սահմանապահների շղթան եւ Սահակաշվիլիին շրջապատած անցկացրել սահմանը: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ նա ապօրինի է հատել ուկրաինա-լեհական սահմանը: Քրեական գործ է հարուցվել: Սահակաշվիլին էլ ուկրաինացի սահմանապահներին մեղադրել է իր «անձնագիրը հափշտակելու» մեջ: Իսկ Օդեսայի նախկին նահանգապետի փաստաբաններն արդեն խնդրում են թույլ չտալ, որ իրենց պաշտպանյալին Վրաստան արտաքսեն: Հիշեցնենք, որ հայրենիքում Սահակաշվիլիի դեմ քրեական գործեր կան հարուցված: Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել 2015 թվականին մայիսին, իսկ այս տարվա հուլիսին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով զրկվել է քաղաքացիությունից:

«Վերնիսաժի» առեւտրականները, որոնք աշխատում են Բուզանդ փողոցին հարող տարածքում, այսօր քաղաքապետարանում էին: Անցյալ հանգստյան օրերին նրանց արգելել են այդ տարածքում առեւտուր անել: Ավելի քան երեք ժամ սպասելուց հետո նրանց ընդունել է փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Պաշտոնյան հիշեցրել է, որ դեռ տարիներ առաջ էին զգուշացրել. շուկան վերանորոգելուց հետո Արամի եւ Բուզանդի փողոցները «մաքրելու» են առեւտրականներին: Չնայած դրան՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը խոստացել է խնդիրը քննարկել վարձակալի հետ, սակայն նրա խոսքում որեւէ հստակություն չի եղել: Այս հանգստյան օրերին առեւտրականներին թույլ կտա՞ն աշխատել Բուզանդի փողոցում. հարցը Դավիթ Օհանյանն անպատասխան է թողել: Քաղաքապետարանի միջնորդության մասին հարցին փոխքաղաքապետը ստիպված է եղել արձագանքել: Մի քանի տասնյակ առեւտրականներ քաղաքապետարանից հեռացել են՝ առանց իրենց հարցի լուծման: Նրանք նաեւ նամակ են փոխանցել վարչապետ Կարեն Կարապետյանին, հույս ունեն, որ գոնե կառավարությունից կստանան իրենց խնդրի պատասխանը:

Արմավիրի մարզում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Խորոնք գյուղի տներից մեկում, դեռեւս անհայտ պատճառներով, ուժեղ պայթյուն է որոտացել: Տան պատերը փլուզվել են, պատուհաններն ու դռները՝ կոտրվել, գույքը՝ վնասվել: Պայթյունի պահին տան հյուրասենյակում եղել է 15-ամյա Արտակ Ամիրյանը. բարեբախտաբար, նա չի տուժել: Ընտանիքի մյուս անդամները դաշտում զբաղված են եղել գյուղատնտեսական աշխատանքներով: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել պայթյունի պատճառը: Պատահարի պատճառները պարզելու համար մի շարք փորձաքննություններ են նշանակվել:

Չարենցավանի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարում շարունակում են որոնել Սոլակ գյուղի 27-ամյա բնակիչ Անժելա Մ.-ի դին: Նրա անհետանալու մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 10-ի երեկոյան: Ավելի ուշ ջրամբարի մոտակայքում գտել են երիտասարդ կնոջ հողաթափերը, իսկ ջրամբարում՝ գլխարկը: Հարազատներն իրավապահներին ասել են, որ աղջիկն առողջական խնդիրներ ունի եւ բազմիցս հայտարարել է ինքնասպանություն գործելու մտադրության մասին:

Սեպտեմբերի 11-ին դոլարը կայուն է եղել, իսկ եվրոն կտրուկ աճից հետո ավելի քան 2 դրամով էժանացել է: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 574, ռուբլունը՝ 8 դրամ 37 լումա, բրիտանական ֆունտինը՝ 631 դրամ:

Սեպտեմբերի 12-16-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ