News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը


Էջմիածնում գիշերը կրակոցներ են հնչել. 2 անձ է սպանվել: Միջադեպի վայրում կրակոցի հետքերով վնասված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է հայտնաբերվել: Քննչական կոմիտեի տվյալներով՝ սպանվածներն Արմավիրի բնակիչներ են՝ 44-ամյա Կարեն Դավթյանը եւ 36-ամյա Լեւոն Ավետիսյանը: Մեր տեղեկություններով՝ Կարեն Դավթյանը քրեական աշխարհում հայտնի «Տուպիկ Կարենն» է, Ավետիսյանը՝ նրա վարորդը: Էջմիածինցիները վստահ են, որ տեղի ունեցածը քրեական հեղինակությունների միջեւ «ռազբորկա» է: Միջադեպը կապում են քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձի հետ:

Ազգային ժողովի այսօրվա նիստը սկսվել է նախօրեին քննարկված օրինագծերի քվեարկությամբ: Հենց առաջին քվեարկության ժամանակ Նիկոլ Փաշինյանը խախտում է արձանագրել: Իսկ այսօր բուռն քննարկման առարկա է դարձել Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Դրանով առաջարկվում է հանրաքվե նախաձեռնելու իրավունքը տալ միայն Երեւանի քաղաքապետին եւ ավագանու 1/3-րդին, թեեւ նախկինում նման հնարավորություն ուներ նաեւ խմբակցությունը: Նիկոլ Փաշինյանը սրանում ավագանու խմբակցությունների իրավունքները սահմանափակելու միտում է տեսնում:

Փոփոխություններ են կատարվելու նաեւ «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում: Սա պայմանավորված է նոր Սահմանադրությամբ: Նախկինում քաղաքական ապաստան տալու համար դիմում էին նախագահին, հիմա հարցով կզբաղվի հատուկ մարմինը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներին հետաքրքրել է, թե մինչեւ հիմա քանի մարդ է դիմել Հայաստանում քաղաքական ապաստան ստանալու համար: Վաչե Տերտերյանը հայտնել է՝ ոչ ոք:

«Ծառուկյան» խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Գեւորգ Պետրոսյանը դեմ է Քաղաքացիական օրենսգրքում հարեւանության իրավունքի ներդրմանը: Մտավախություն ունի, որ դա կհանգեցնի հարեւանների միջեւ «մեծ կռիվների, անգամ մարդասպանության»:

Երեւանի ավագանու նիստն այսօր թեժ մթնոլորտում է անցել: Նիստի հենց սկզբում ավագանու Հանրապետական եւ «Ելք» խմբակցությունների անդամները վիճաբանել ու անձնական վիրավորանքների են անցել: Պատճառը հանրապետականների անպարկեշտ ռեպլիկներն են եղել Անահիտ Բախշյանի հասցեին: «Ծիտ» մականունով հայտնի հանրապետական Արմեն Սահակյանը Բաշխյանին դիմել է «պարոն»-ով եւ «Անո»-ով: «Ելք»-ի անդամները փորձել են կարգի հրավիրել Սահակյանին, ինչը լեզվակռվի է վերածվել:

Հետո էլ կրքեր են բորբոքվել ավագանու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ: Այս դեպքում էլ պատճառն Էլցանցերին հողատարածք տրամարդելու օրակարգային հարցն է եղել: «Երկիր Ծիրանի»-ի անդամները փորձել են հասկանալ, թե ինչպես է օգտագործվելու այդ հողատարածքը: Նրանց հարցադրումների արդյունքում «Ելք»-ի անդամների նյարդերը տեղի են տվել. նրանք խորհուրդ են տվել ըստ էության քննարկել հարցերը: «Երկիր Ծիրանի»-ն էլ առիթը բաց չի թողել ու «Ելք»-ին եւս մեկ անգամ մեղադրել է իշխանությանը ծառայելու մեջ:

Ի դեպ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության մասին. Հայկ Պետրոսյանն ու Մնացական Պարակշիեւը վերջնականապես լքել են խմբակցությունը: Իսկ նիստում «Երկիր Ծիրանի»-ի պահվածքը, պարզվում է, զվարճացրել է քաղաքապետին:

Ինչ վերաբերում է հանրապետականների վարքագծին. Տարոն Մարգարյանն ասել է՝ ավագանու անդամներին հորդորել է հարգել միմյանց: Մայրաքաղաքում վերջերս տիրող, մեղմ ասած, հակասանիտարական վիճակն էլ Տարոն Մարգարյանն այսպես է բացատրել. «Սանիթեք»-ը մեքենաների հետ կապված խնդիրներ է ունեցել, հիմա իրավիճակը կարգավորվել է, առաջիկայում քաղաքը նորից մաքուր կլինի: Իսկ փողոցներում տիրող գարշահոտության պատճառը ձմերուկի եւ սեխի հանդեպ հայերի մեծ սերն է:

«Իրմա» փոթորիկն ամերիկյան Ֆլորիդայում արդեն 5 մարդու կյանք է խլել: Նահանգում 6.5 մլն մարդ զրկվել է էլեկտրականությունից, հարյուր հազարավորներն անօթեւան են մնացել: Մոլեգնող փոթորկի պատճառով նահանգում փակվել են պետական եւ ուսումնական հաստատությունները: «Իրմա»-ն աղետալի վնասներ է հասցրել նաեւ Կարիբյան ավազանի երկրներին. այստեղ 27 մարդ է զոհվել: Վտանգավորության չորրորդ աստիճանի հասած փոթորիկը թուլացել է եւ շարժվում է արեւմտյան ափամերձ շրջաններով: Տարերքն ընդգրկել է նաեւ ամերիկյան այլ նահանգներ՝ Ալաբամա, Ջորջիա, Հարավային Կարոլինա եւ Հյուսիսային Կարոլինա: Գիտնականներն ԱՄՆ-ում մոլեգնող փոթորիկների հնարավոր պատճառ են համարում տաքացող Արկտիկան: Այստեղ արդեն նաեւ վնասի չափ են հաշվարկում. դրանց համաձայն՝ «Հարվի» եւ «Իրմա» փոթորիկներն ամերիկյան տնտեսությանը 290 մլրդ դոլար կարժենան:

Սեպտեմբերի 12-ին դոլարը թանկացել է, իսկ եվրոն շարունակում է թուլանալ: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 572, ռուբլունը՝ 8 դրամ 32 լումա, բրիտանական ֆունտինը՝ 634 դրամ:

Սեպտեմբերի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բարձր հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ