News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում կրկին կրակոցներ են հնչել: Դեպքը տեղի է ունեցել Մամիկոնյանց փողոցում: Իրավապահները դեպքի վայրում մի քանի կրակված պարկուճ, ինչպես նաեւ Hyundai եւ Nissan մակնիշների մեքենաներ են հայտնաբերել՝ ձեռքի եւ ոտքի հարվածի հետքերով: Միջադեպի հետեւանքով զոհեր չկան: Պարզվել է, որ վիճաբանություն է տեղի ունեցել, որի մասնակիցներից մեկը գազային ատրճանակ է կիրառել: Վիճաբանության մասնակիցների ինքնությունը պարզվել է, ոստիկանությունը որոնում է նրանց:

Վերնիսաժի մոտ՝ Թուֆենկյան հյուրանոցի հարեւանությամբ տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով կալանավորված Ռաֆիկ Խաչատրյանն արդեն ցուցմունք է տվել: Նա մասնակի է ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով՝ իր պաշտպանյալը չի ընդունել սպանության մեղադրանքը՝ նշելով, որ ինքը միայն մասնակցել է միջադեպին: Ֆարմանյանը նաեւ պատրաստվում է բողոքարկել որպես խափանման միջոց կալանքն ընտրելու՝ դատարանի որոշումը: Հայտնի է նաեւ, որ 60-ամյա Խաչատրյանը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել: Հետո Խաչատրյանը տաքսի է վարել, այդ ընթացքում էլ ծանոթացել է գործով մյուս կասկածյալների՝ 35-ամյա Ալբերտ Բլբուլյանի եւ 33-ամյա Արմեն Կարադավիդովի հետ: Նրանց դեռեւս որոնում են: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանվել է 43-ամյա Գարիկ Մոսինյանը, վիրավորվել՝ 39-ամյա Վահագն Աբգարյանը: Երկուսն էլ Ալավերդիից են, քրեական աշխարհի ներկայացուցիչներ:

Հայաստանում մսի գների լուրջ աճ է գրանցվել: Մասնավորապես՝ խոզի մսի գինն աճել է 38-41 տոկոսով: Հայրենական արտադրողների միության նախագահի տվյալներով՝ թանկացել են նաեւ կարագը, կաթնամթերքը, ձուկը, ինչպես նաեւ որոշ ծառայություններ, օրինակ՝ ավիափոխադրումը: Վազգեն Սաֆարյանն ավիատոմսերի աննախադեպ թանկացումը կապում է արձակուրդային սեզոնի հետ: Նրա խոսքով՝ Հայաստանը սեփական ավիաընկերություն չունի, որը կկարողանար մրցակցել օտարերկրյա ընկերությունների հետ, արտասահմանյան ավիափոխադրողներն էլ ակտիվորեն օգտվում են ազատ մրցակցությունից:

Հանրապետությունում թանկացել է նաեւ բենզինը. սա էլ Վազգեն Սաֆարյանը կապում է վառելիքի միջազգային շուկայում տիրող իրավիճակի հետ: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն արդեն տեղեկատվություն է պահանջել ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներից, կուսումնասիրի նաեւ վառելիքի միջազգային շուկան եւ կգնահատի գնաճի հիմնավորվածությունը:

Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կայացել է, չնայած Իրաքի կենտրոնական իշխանություններն ու բազմաթիվ երկրներ դեմ էին արտահայտվել հանրաքվեի անցկացմանը: Ընտրողների բարձր ակտիվության պատճառով որոշ տեղամասերում քվեարկությունը մեկ ժամով երկարաձգվել է: Հանրաքվեին շուրջ 3.3 միլիոն մարդ է մասնակցել՝ ընտրելու իրավունք ունեցողների 72.16%-ը: Առայժմ հաշվարկվել է քվեարթերթիկների 9%-ը, որի արդյունքներով՝ ընտրողների ավելի քան 93%-ը կողմ է արտահայտվել ինքնավար շրջանի անկախացմանը: Տվյալների ամփոփումից հետո, սակայն, պատկերը կարող է փոխվել: Հանրաքվեի վերջնական արդյունքները նախատեսում են հրապարակել

Մինչ այդ, սակայն, փորձագիտական շրջանակները խոսում են այն մասին, որ հանրաքվեի արդյունքում շրջանում անկայունության աճ կգրանցվի՝ բարդացնելով ինքնավարության բնակիչների վիճակը: Նշենք, որ Իրաքում քրդերը բնակվում են հիմնականում Դահուք, Սուլեյմանիա եւ Էրբիլ նահանգներում: Իրաքյան Քուրդիստանը երկրի կազմում լայն ինքնավարություն ունի, որը նույնիսկ ամրագրված է Իրաքի Սահմանադրությամբ: Իրաքյան քրդերն անկախության հանրաքվե էին նախաձեռնել դեռեւս 2014 թվականին, սակայն տեղական եւ դաշնային կառավարությունների տարաձայնությունների պատճառով այն հետաձգվեց: Անկախության համար պայքարի նոր խթան դարձավ ԻՊ-ի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ, երբ պաշտոնական Բաղդադի զինված ուժերը հեռացան, իսկ քրդական փեշմերգան փաստացի վերահսկողություն հաստատեց շրջանում:

Սոցցանցերում ակտիվորեն քննարկում են «Եվրատեսիլ 2017»-ի հաղթող Սալվադոր Սոբրալի առողջական վիճակը: Երկրպագուներն իրենց աջակցությունն են հայտնում պորտուգալացի երաժշտին: Օրերս Սոբրալը ստիպված է եղել հայտարարել ժամանակավորապես բեմից հեռանալու մասին եւ չեղարկել մինչեւ տարեվերջ ծրագրված բոլոր համերգները: Պորտուգալացին սրտի արատ ունի, այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, միացված սրտի աշխատանքը խթանող սարքի: Բժիշկները երգչի վիճակը ծանր են գնահատում եւ նշում, որ նրան անհապաղ սրտի փոխպատվաստում է անհրաժեշտ: Մինչեւ տարեվերջ պետք է կարողանան Սալվադորի համար սրտի դոնոր գտնել:

Սեպտեմբերի 26-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, իսկ եվրոն շարունակել է արժեզրկվել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 564, ֆունտինը՝ 643 դրամ, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա:

Սեպտեմբերի 27-30-ը հանրապետությունում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանն այդ ընթացքում 6-8 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ