News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում այսօր հիշատակել են հոկտեմբերի 27-ի զոհերին: Զոհվածների հարազատները, պետական, քաղաքական գործիչներ նրանց հիշատակը հարգել են Եռաբլուրում եւ Ազգային ժողովի բակում տեղադրված հուշարձանի մոտ: Հիշեցնենք, որ 1999 թվականի այս օրը ոճրագործների խումբը` Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Ազգային ժողովի նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը: 2001 թվականին մեկնարկած գործով դատավարությունը տեւեց մինչեւ 2003 թվականը: 6 ահաբեկիչները՝ Նաիրի եւ Կարեն Հունանյաններ, Վռամ Գալստյան, Դերենիկ Բեջանյան, Էդիկ Գրիգորյան եւ Աշոտ Կնյազյան, դատապարտվեցին ցմահ, Համլետ Ստեփանյանը՝ 14 տարվա ազատազրկման: 3 տարի տեւած դատավարության արդյունքում, սակայն, այդպես էլ չբացահայտվեցին ահաբեկչության կազմակերպիչները:

Ազգային ժողովի այսօրվա նիստի մեկնարկին պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը: Այնուհետեւ մեկնարկել է նախորդ օրը քննարկված օրինագծերի շուրջ քվեարկությունը: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» վիճահարույց օրենքի նախագիծը: Այն ընդունվել է 89 կողմ եւ 9 դեմ ձայնով: Դեմ է քվեարկել «Ելք» խմբակցությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ ներկայացրել է իրենց դիրքորոշումը:

Երեկ խորհրդարանում քննարկումներից հետո պաշտպանության նախարարը ծավալուն ելույթ էր ունեցել՝ անվանապես պատասխանելով «Ելք»-ի պատգամավորների հայտարարություններին եւ դիրքորոշմանը: Այսօր «Ելք» խմբակցության անդամները որոշել են պատասխանել Վիգեն Սարգսյանին՝ նրան մեղադրելով լուրջ քննարկումից անձերին անցնելու մեջ: Ի դեպ՝ Վիգեն Սարգսյանն այսօր եւս խոսել է Արարատ Միրզոյանի մասին՝ նշելով, որ պատգամավորն ուսանողներին ակտիվորեն հրահրել է դասադուլ անել:

Նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին իշխող Հանրապետական կուսակցությունն ամենամեծ թվով թեկնածուներն է առաջադրել: Ընտրությունների թեման քննարկվել է ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստում: Այստեղ հույս ունեն ընտրությունների արդյունքում ավելացնել հանրապետական համայնքապետերի եւ ավագանու անդամների թիվը: Նիստից հետո կայացած ճեպազրույցում Էդուարդ Շարմազանովին դարձյալ հարցրել են, թե 2018 թվականի ապրիլից հետո ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը: Լուրեր են շրջանառվում, որ վարչապետ է դառնալու Սերժ Սարգսյանը, իսկ Կարեն Կարապետյանը կլինի առաջին փոխվարչապետը:

Կատալոնիայի խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ հայտարարել է Իսպանիայից շրջանի միակողմանի անջատման մասին: Որոշմանը կողմ է քվեարկել 72 պատգամավոր, դեմ՝ 10-ը: Ընդդիմադիրները քվեարկությանը չեն մասնակցել. դրա մեկնարկից առաջ նրանք լքել են նիստերի դահլիճը: Քվեարկությունից րոպեներ անց Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ օրենքի գերակայությամբ կհաջողվի վերականգնել օրինականությունը Կատալոնիայում: Իսպանիայի Սենատն էլ այսօր կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանը լիազորություններից զրկելուն: Առաջնորդվելով Սահմանադրության 155 հոդվածով՝ նախատեսվում է Կատալոնիայի շրջանային կառավարության եւ խորհրդարանի լուծարում: Իսպանիայի կենտրոնական իշխանության որոշումը կարող է ուժի մեջ մտնել հոկտեմբերի 28-ին:

Իսրայելը Շառլ Ազնավուրին եւ նրա քրոջը՝ Աիդային պարգեւատրել է շվեդ դիվանագետ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով: Պարգեւատրման արարողության ժամանակ Ազնավուրն Իսրայելի նախագահին հարցրել է՝ ի վերջո ե՞րբ է այդ երկիրը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ռոուվեն Ռիվլինը դա քաղաքական հարց է որակել՝ հիշեցնելով, որ Կնեսետում պարբերաբար բարձրացվում է այդ հարցը: Ռիվլինն ափսոսանք է հայտնել, որ Իսրայելի կառավարությունն այդպես էլ չկարողացավ տեղի ունեցածը ճանաչել որպես Ցեղասպանություն. խնդիրը, ըստ նրա, ձեւակերպման մեջ է: Հավելենք, որ Վալենբերգի միջազգային հիմնադրամն Ազնավուրյաններին պարգեւատրել է՝ երկրորդ համաշխարհային տարիներին Փարիզում, սեփական կյանքը վտանգելով, հրեաներին ապաստան տրամադրելու համար:

Երեւանի կենտրոնում այսօր շարժիչների վերանորոգման արհեստանոցում խոշոր հրդեհ է բռնկվել, որը տարածվել է հարեւանությամբ գործող բենզալցակայանում եւ շինանյութի խանութում: Հրդեհի պատճառ է դարձել էլեկտրական սղոցը: Արհեստանոցի աշխատակիցներն էլեկտրական սղոց են վերանորոգել, վրան բենզին քսել եւ փորձարկել, սակայն սղոցը սկսել է այրվել: Աշխատակիցներն այն գետնին են գցել եւ դուրս վազել արհեստանոցից, իսկ կրակը տարածվել է եւ հասել բենզալցակայանին: Հրդեհի հետեւանքով արհեստանոցն ամբողջությամբ այրվել է, վնասվել են նաեւ բենզալցակայանն ու շինանյութի խանութը: Բարեբախտաբար, կրակը չի հասել հարեւան բնակելի շենքերին:

Հոկտեմբերի 27-ին դոլարը կայուն է եղել, իսկ եվրոն էժանացել է ավելի քան 8 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 561, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 631 դրամ:

Հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին եւ 29-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես վաղը օրվա երկրորդ կեսին տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +19+21 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ