News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը երեկ մեծածավալ նյութ էր հրապարակել լրտեսության կասկածանքով մի ամբողջ հետաքննության վերաբերյալ, ինչի համար առիթ էր հանդիսացել ոչխարների հոտը:

Ինչպես գրում է Meydan.tv-ին, հովիվը եւ նրա հոտը ներքաշվել են հետաքննության մեջ, որի ընթացքում Ադրբեջանում հարյուրավոր մարդիկ են հարցաքննվել, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ մեղադրվել դավաճանության մեջ: Այս ամենի մասին լրատվամիջոցին պատմել է նախկին գերաժամկետային (պարտադիր զինծառայությունն ավարտելուց հետո կամավոր զինծառայության մեջ մնացածներ) զինծառայողը:

Պարբերականը նաեւ հրապարակել է 2017 թվականի մայիսի 7-ին տարածված հայտարարությունը՝ ընդ որում նշելով, որ սույն փաստաթուղթը շփոթություն է առաջացրել երկրի ամբողջ բնակչության շրջանում. «Հավաքված նյութերի հիման վրա Ադրբեջանի Հանրապետության Ռազմական դատախազությունը պետական դավաճանության եւ այլ փաստերի վերաբերյալ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածի համաձայն:

«Դատախազության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներից կազմված օպերատիվ քննչական խումբ է ստեղծվել, իրականացվում է նախաքննություն»,- ասվում է Գլխավոր դատախազության, Պաշտպանության նախարարության, Ներքին գործերի նախարարության եւ Պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ:

Արդյունքում  պարզվել է, որ ժողովրդի եւ պետական դավաճանության ճանապարհին կանգնած թույլ կամքով զինծառայողները եւ այլ քաղաքացիական անձինք, ովքեր կորցրել են իրենց քաղաքացիական ոգին եւ հայրենիքի հետ կապը, ի վնաս Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, պետական անվտանգության եւ պաշտպանունակության ներքաշվել են հակառակորդի լրտեսների հետ գաղտնի համագործակցության մեջ եւ տարբեր ժամանակահատվածներում նյութական շահերի համար ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն են փոխանցել կոնֆլիկտի հակառակ կողմին»:

Զինծառայողի խոսքերով՝ հետաքննության են ենթարկվել կամ ձերբակալվել մոտ 400 ադրբեջանցի զինծառայող եւ քաղաքացիական անձ այն բանի համար, որ նրանք իբր դավադրություն են կազմակերպել հայկական հետախուզական ծառայությունների հետ համատեղ: Նրանց մեղադրել են գաղտնի ռազմական տեղեկատվության փոխանցման համար գումար ստանալու մեջ, ինչը վտանգել է պետության անվտանգությունը:

42 անձի մասին ԶԼՄ-ներում հայտնված առաջին հրապարակումներից հետո Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրամայել է հեռացնել տեղի ունեցածի մասին բոլոր տեղեկությունները, բացառությամբ իշխանությունների հայտարարության:

Հովվի հետ կապված միջադեպը տեղի էր ունեցել Աղդամի շրջանում՝ ադրբեջանական եւ ղարաբաղյան զորքերի շփման գծում: Զինծառայողը պատմել է, թե ինչպես է ամենը տեղի ունեցել. «Վաղ առավոտյան իմացանք, որ դիտորդական պահակակետում ինչ-որ մեկին ձերբակալել են: Բայց դա զինվոր չէր, այլ հովիվ, որը մեզ ասաց, որ ոչխար է արածեցնում: Մենք այդ մասին տեղեկացրեցինք հրամանատարին»:

Զինծառայողի խոսքերով՝ հրամանատարը մեկ ոչխար է վերցրել, ապա ասել զինվորներին հանգիստ թողնել հովիվին եւ մնացած ոչխարներին: Զինվորները սկսել են վիճել հրամանատարի հետ. նրանց կարծիքով՝ Հայաստանի կողմից դիտորդները կարող են տեսնել, թե որ ուղղությամբ են գնում ոչխարները, եւ իմանալ, որ այդ տարածքներում հակահետեւակային ականներ չկան: Նրանք հրամանատարին ասել են, որ վերջինս վտանգում է իր բոլոր զինվորներին:

…«Հակառակ կողմը (հայ զինվորները) մեզ հետեւում է այնպես, ինչպես մենք ենք հետեւում նրանց: Պարզ բան է. եթե ականներ կան, ապա կպայթեն կա՜մ ոչխարները, կա՜մ հովիվը: Հայերը հովվին չեն սպանի: Նրանք օգտակար տեղեկություն են ստանում հովվից եւ ոչխարներից: Հետախույզների համար սահմանում տեղի ունեցող յուրաքանչյուր բան լրացուցիչ տեղեկություն է պարունակում»:…

Թշնամու հետ համագործակցելու մեղադրանքները հասցրեցին հարեւան զորամասի հրամանատարներից մեկին, եւ շուտով հետաքննություն սկսվեց: Առաջին միջադեպից հետո այն զգալիորեն ընդլայնվեց. ձերբակալվեցին եւ հարցաքննվեցին հարյուրավոր զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Ոմանց ազատ արձակեցին, մյուսները դեռ սպասում են դավաճանության մեղադրանքով դատավարությանը:

«Սահմանին տեղակայված բոլոր զինծառայողները հարցաքննվել են, - պատմել է զինծառայողը, - Մեզ նույնպես նվաստացման էին ենթարկում՝ ստիպելով բուժզննում անցնել բռնաբարության կասկածանքով»: «Բոլորը կասկածում էին միմյանց՝ հրամանատարներին, զինվորներին եւ նույնիսկ իրենք իրենց, որովհետեւ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում: Մեզ հարցաքննում էին սեւ դիմակներով անձինք: Հրամանատարներից մեկի զորամասում մի նույնասեռական զինվոր կար: Այդ մասին բոլորը գիտեին: Բուժզննումից հետո նրան (հրամանատարին) հարցրել են, թե ինչի մասին է նա մտածել, երբ հայերը բռնաբարել են իր զինվորին: Իրականում բոլորն էլ լավ գիտեին, որ այս տղան նույնասեռական է»:

Գերաժամկետային զինծառայողներին հրամանատարները հայտնել էին, որ նրանք կտեղափոխվեն սահմանից ոչ ավել, քան 100 կիլոմետր հեռավորության վրա գտվող զորամասեր, սակայն փոխարենը շատերին ազատեցին բանակից եւ չվճարեցին: Նրանց մեծ մասը տուն վերադարձավ բանակից հեռացածվածի խայտառակ անվամբ, ինչը էլ ավելի էր սաստկանում սեռական բռնության կասկածով բուժզննման հետ կապված լուրերի պատճառով:

«Մարզերում բոլորը գիտեն միմյանց, - ասում է զինծառայողը: - Բանակից ազատվելուց հետո ոչ ոք չի ուզում քեզ աշխատանք տալ: Ես այս ամենը ասում եմ, որովհետեւ մարդիկ մեզ  (զինծառայողներին) այլեւս չեն վստահում: 2016 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո մարդիկ մեծ հոգածությամբ էին վերաբերվում, իսկ հիմա նրանք նույնիսկ տեսնել մեզ չեն ուզում»:

Անանուն մնալու ցանկություն հայտնած տեղական իշխանության ներկայացուցչի խոսքով՝ դավաճանության մասին լուրերը արագ են տարածվում: «Պատկերացրեք, որ Դուք առավոտյան արթնանում եք եւ լսում, որ ձեր հարեւանները աշխատում են հայերի համար», - ասում է պաշտոնյան,- Դուք սկսում ես կասկածել բոլորին»: Տեղի բնակիչները սարսափի մեջ էին այդ պատմություններից: Մարդիկ, ում Դուք արդեն երկար ժամանակ գիտեք, մարդիկ, ում Դուք ամեն օր տեսնում եք, մեղադրվում են Հայաստանի հետ համագործակցության մեջ »:

 Պաշտոնյան հայտարարեց, որ զինվորներից բացի ձերբակալվել էին նաեւ հովիվներ, տաքսու վարորդներ եւ նույնիսկ մարմնավաճառներ: Նրանցից ոմանք դեռ պահվում են կալանքի տակ եւ զինվորների հետ միասին սպասում դավաճանության մեղադրանքով դատավարությանը:

Պաշտոնյան նաեւ հայտնեց, որ  Աղդամի շրջանի Չյամյանլի գյուղի հովվին ձերբակալել էին, քանի որ նա իբր օգնում էր հայերին Ադրբեջանի ռազմական հաղորդակցման ցանցեր մուտք ստանալու գործում: Քննիչները պնդում են, որ նրա տանը հայտնաբերվել է 10.000 դոլար:

Ինչպես հայտնել են, ձերբակալվել են նաեւ նույն գյուղի հեքիմը, իր եղբայրն ու եղբոր դուստրը: Ըստ ստացված տեղեկության՝ հայ հետախուզության հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալվել է զինծառայողներից մեկի ընկերուհին: Պաշտոնյայի խոսքերով՝  քննիչները հայտարարել են, որ փողեր, ճակատային գծի քարտեզներ, վարչական եւ ռազմավարական օբյեկտների նկարներ են գտել, ինչպես նաեւ՝ ճշգրիտ տեղեկատվություն այն  մասին, թե որտեղ են բնակվում խաղաղ բնակիչները:

«Շատերը ձերբակալվեցին: Ձերբակալվածներից մեկին ծեծելով մահվան հասցրեցին: Դավաճանության մեջ մեղադրվող Մեհման Հուսեյնովի դին հարազատները ցանկանում էր թաղել Ջամիլլի գյուղում՝ հոր գերեզմանի կողքին, սակայն համագյուղացիները դեմ էին, եւ նրան թաղեցին գերեզմանոցից դուրս», - Տերտերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմեց սեփական անվտանգության նկատառումներով անանուն մնալ ցանկացող Տերտերի շրջանի գործադիր իշխանության աշխատակիցը:

Փոքր բիզնեսի բոլոր սեփականատերերը հարցաքննվել են: Աշխատանքի նպատակով շրջան եկած մարդկանց հրամայեցին վերադառնալ իրենց քաղաքներ: Զորամասերի մոտակայքում գտնվող բոլոր սրճարանները եւ խանութները փակվեցին եւ քանդվեցին գործադիր իշխանության հրամանով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ