News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը


Նախագահ Սերժ Սարգսյանն «Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն համաձայնագիր, ղարաբաղյան հակամարտության կարգավորում, Հայաստանի ապագա վարչապետի հարց: Խոսելով Եվրամիության հետ կնքված նոր համաձայնագրից՝ նախագահը կարծիք է հայտնել, որ այս դեպքում հաղթեց առողջ տրամաբանությունը: Նա համոզված է, որ պետք է երկխոսել ե՛ւ Արեւմուտքի, ե՛ւ Արեւելքի, այս դեպքում՝ Ռուսաստանի հետ: Ասում է՝ բանակցությունների ընթացքում էլ Եվրամիության հետ անկեղծ ենք եղել, նշել ենք, որ մեր տնտեսությունը հազարավոր թելերով կապված է Ռուսաստանի հետ, եւ դա չենք կարող անտեսել: Եվրոպական կողմը նախ ըմբռնումով է մոտեցել հարցին, իսկ հետո պայմաններ առաջադրել: Արդյունքում էլ, ըստ Սերժ Սարգսյանի, մենք ընտրության առջեւ կանգնեցինք: Ե՞րբ հնարավոր կլինի խոսել Եվրամիության երկրների հետ վիզաների ազատականացման մասին: Նախագահը շեշտում է՝ դեռ վաղ է. վիզաների պահանջի վերացումը բոլորովին այլ գործընթաց է: Այդ հարցով բանակցությունների դեռեւս ոչ հստակ, բայց կանխատեսվող ժամկետ, Սերժ Սարգսյանը, ամեն դեպքում, նշել է:

Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության մասին հարցին ի պատասխան էլ նախագահը կրկնել է նախկինում ասածը. հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով՝ կրակել: Անդրադառնալով զինապարտության մասին օրենքին, որի՝ ակադեմիական տարկետմանը վերաբերող դրույթը մեծ աղմուկ բարձրացրեց եւ ուսանողների բողոքի ու զանգվածային դասադուլի պատճառ դարձավ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ տարկետումը չի վերացվել, պարզապես դրա տրամադրման տրամաբանությունն է փոխվել:

Կարեն Կարապետյանը մի քանի անգամ ասել է, որ պատրաստ է շարունակել զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Սերժ Սարգսյանը դա առողջ, տրամաբանական ցանկություն է համարում: Բայց 2018-ի ապրիլից հետո այդ պաշտոնում նրան մնալու հարցը Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել: Կգա ժամանակը, կհայտարարեն: Ինչ վերաբերում է իր կարիերային. առայժմ Սերժ Սարգսյանը մտադիր է մինչեւ վերջի պահը կատարել նախագահի պարտականությունները:

Հայ-իրանական սահմանին՝ Ագարակում ազատ տնտեսական գոտի բացվեց: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ այն պայմանները, որ ստեղծվելու են այստեղ, շատ լավ հարթակ են բիզնեսի զարգացման համար: Նախատեսվում է ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, իսկ իրանցի գործընկերները հնարավորություն կունենան դուրս գալ Եվրամիության եւ ԵՏՄ շուկաներ:

Կառավարությունը նախատեսում է, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտում առաջիկա տարիներին 100-150 մլն դոլարի ներդրում կլինի եւ շուրջ 1500 աշխատատեղ կբացվի: Սուրեն Կարայանի կանխատեսումներով՝ առաջիկա տարիներին այստեղ 50-70 ընկերություններ կգրանցվեն որպես շահագործող կազմակերպություններ: Ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հարցում հետաքրքրությունն արդեն իսկ մեծ է: Ազատ տնտեսական գոտու այցելուներն ապրանքները կգնեն առանց մաքսատուրքի:

Տեւական ժամանակ շրջանառվող լուրերը, կարծես, իրականություն են դառնում. աջ ղեկով մեքենաները կարող են արգելվել: Տրանսպորտի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակում՝ առաջարկելով ժամանակավորապես արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան: Որոշման նախագծի համաձայն՝ սա պայմանավորված է ԵՏՄ-ի մասին պայմանագրի կետերից մեկով, որը վերաբերում է ճանապարհային երթեւեկության անվտանգությանը: Հետագայում ցանկանում են Հայաստանում ընդհանրապես արգելել նման մեքենաների շահագործումը: Ենթադրվում է, որ մինչեւ հաջորդ տարվա ապրիլի 1-ը ներկրված աջ ղեկով մեքենաների շահագործումը կթույլատրվի, բայց դրանց վերահաշվառումը կսահմանափակվի:

Հայաստանը ստանձնեց Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը: Կիեւում անցկացվող կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում ունեցած ելույթում Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ ՍԾՏՀ-ի գործունեությունը քաղաքականացնելու՝ կազմակերպության անդամ որոշ երկրների փորձերն ազդում են տարածաշրջանի բազմակողմ տնտեսական համագործակցության վրա, ինչպես նաեւ հարցականի տակ դնում կառույցի հեղինակությանը:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ այս հարթակը սեփական նեղ քաղաքական շահերն առաջ մղելուն ծառայեցնելու՝ Բաքվի փորձերը խոչընդոտում են տնտեսական համագործակցությանը: Արդյունքում, ըստ Նալբանդյանի, հազիվ թե հնարավոր է կազմակերպության շրջանակում ձեռքբերումներ ակնկալել, եթե այս հարթակը շարունակվի շահագործվել քարոզչության նպատակներով: Նշենք, որ օրերս Հայաստանը ստանձնել է նաեւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախագահությունը: 2018 թվականի հոկտեմբերին Երեւանը հյուրընկալելու է կազմակերպության գագաթնաժողովը:

Պաղեստինում իրավիճակն ավելի է սրվում: Որոշ բնակավայրերում բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի երիտասարդների եւ իսրայելական ոստիկանության միջեւ: Բախումներն առավել լուրջ են Բեթղեհեմի թաղամասերից մեկում եւ Արեւելյան Երուսաղեմում իսրայելական հսկիչ անցակետերից մեկում: Ըստ տեղեկությունների՝ իսրայելցի ոստիկանները պլաստիկե փամփուշտներով զենք են կիրառել. մի քանի պաղեստինցիներ են տուժել: Իսկ Բեթղեհեմում իսրայելցիները պաղեստինցիներին ցրելու նպատակով արցունքաբեր գազով նռնակներ են կիրառել: Այստեղ մարդիկ փողոց են դուրս եկել՝ բողոքելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու՝ ԱՄՆ վարչակազմի որոշման դեմ: Հաղորդվում է նաեւ, որ Իսրայելի իշխանություններն անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել Հին Երուսաղեմում՝ Դամասկոսի դարպասների մոտ, որտեղից ճանապարհը տանում է դեպի Տաճարի լեռ:

Աշտարակում դժբախտ պատահար է տեղի ունեցել. Քասախի կիրճ 23-ամյա աղջիկ է ընկել: Ահազանգն արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է կեսգիշերն անց: Տուժածին ծանր վիճակում Երեւան են տեղափոխել: Բժիշկների տեղեկացմամբ՝ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ, ինչպես նաեւ գլխի հատվածում լուրջ վնասվածքներ ունի: Առայժմ հայտնի չէ, թե երիտասարդ աղջիկն ընկե՞լ է կամրջից, թե՞ բռնության զոհ է դարձել:

Դոլարը շարունակում է զիջել դիրքերը, արժեզրկվել է նաեւ եվրոն: Դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 568, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա, ֆունտինը՝ 647 դրամ:

Դեկտեմբերի 16-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -4-6 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 19.01.2018
Արմեն Սարգսյանի անունը կապում են Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի հետ, որը բուռն քննադատության արժանացավ...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 18.01.2018
ՀՀԿ-ն նախագահի իր թեկնածուի հարցում շարունակում է պահել ինտրիգը. կուսակցությունն արդեն ընդհանուր համաձայնության եկել է, վաղղը Սերժ Սարգսյանը կհայտարարի անունը...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 17.01.2018
Կառավարության անդամների հետ այսօրվա հարցուպատասխանը թեժ է անցել, իսկ պատգամավորների թիրախում արձակուրդից վերադարձած վարչապետն է եղել...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 16.01.2018
Արցախում մահացած 20-ամյա զինծառայողը, որոշ տեղեկություններով, ինքնասպան է եղել...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 15.01.2017
Ազգային ժողովում մեկնարկել է այս տարվա առաջին քառօրյան. քննարկումների գլխավոր թեման թանկացումներն է եղել...
Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով». 12.01.2018
Սերժ Սարգսյանն այսօր առաջին անգամ ընդունել է Ազգային ժողովի ղեկավար կազմին
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news