Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն է կատարվել ծնողական իրավունքներից զրկելու եւ ծնողական իրավունքները սահմանափակելու կարգում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Ընտանեկան օրենսգրքում եւ կարահից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով, այս փոփոխություններով ամրագրվում է, որ ընկեցիկ երեխային միայն 3 ամիս հետո կարող են որդեգրել՝ պայմանով, եթե ոստիկանությունը փնտրի եւ չգտնի ծնողներին:
«Մենք քրեական պատիժ ենք նախատեսել այն դեպքերում, երբ կա դատարանի վճիռ երեխային տեսակցելու մասով, սակայն այդ տեսակցությունը խոչընդոտվում է»,-ասաց նա:
Նրա խոսքով, սահմանվել է, որ որդեգրողի եւ որդեգրվող երեխայի տարիքների տարբերությունը չի կարող 50 տարուց ավելի լինել:
«Ամրագրվել է որդեգրվող ընտանիքում խնամքի նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաեւ ամրագրվել է խնամատար ընտանիքի դեպքում վերահսկողության հետ կապված հարաբերությունները: Օրենսդրությամբ բացված ամրագրվել է երեխայի «լավագույն շահ» հասկացությունը: Ընդլայնվել է երեխայի՝ սեփական կարծիք արտահայտելու հնարավորությունը: Ներկա օրենսդրությամբ 10 տարեկան երեխայի կարծիքն է հաշվի առնվում, իսկ հիմա առաջարկվում է, որ մինչեւ 10 տարեկան երեխաների կարծիքը եւս հաշվի է առնվում նրա զարգացածության աստիճանին համահունչ»,-ընդգծեց փոխնախարարը:
Քրմոյանը նաեւ ընդգծեց, որ նախագծով խնամատար ընտանիքիների հետ կապված փոփոխություններ են առաջարկվել, սահմանվել է խնամատար ընտանիքների տեսակները. «Դրանք այն ընտանիքներն են, որոնք համապատասխան կրթություն են ստացել, մասնագիտացված ընտանիքներ են, ովքեր հոգ են տանում երեխայի մասին կարճատեւ կամ երկարատեւ, կամ հատուկ կարիքներ ունեցողներին»,-ասաց նա եւ հավելեց, որ խնամատարությունը նախկինում նախատեսված էր միայն ծնողական իրավունքից զրկված անձանց դեպքում, հիմա նաեւ փաստացի առանց ծնողական խնամքի դեպքում կարող է լինել, ինչպես օրինակ ծնողը ազատազրկման վայրում է:




























