News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում կարկուտ է տեղացել՝ վնասելով 4 համայնքների պտղատու այգիները: Արմավիրի Արգինա համայնքի բնակիչներից Էդվարդ Ստեփանյանը պատմեց, որ հիմնականում վնասվել են ծաղկած ծիրանենիները: Կարկուտը տեղացել է 15-20 րոպե, բայց, Ստեփանյանի խոսքով, դրանից առաջ կամ այդ ընթացքում կարկտակայաններից ոչ մի կրակոց չի արձակվել: Բերքի ավելի քան 20 տոկոսը վնասվել է, հիմա համայնքում մտահոգված են ցրտահարության խնդրով. եթե գիշերը ցուրտ լինի, մնացած բերքն էլ կվնասվի: Արագածոտնում էլ կարկուտը վնաս է հասցրել Արդենի, Արագածավան ե Գետափ գյուղերի այգիներին: Հիմա մարզային ղեկավարությունը հաշվարկում է վնասի չափը:

Արդեն մոտ ապագայում կիրառության մեջ կդրվեն հայկական արտադրության առաջին, այսպես կոչված, «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերը: Սարքի նախագծման աշխատանքներն ավարտվել էին դեռ 7 տարի առաջ, բայց այդ ժամանակ Զինված ուժերին այն հետաքրքիր չէր: Թերեւս, միայն ապրիլյան պատերազմից հետո հասկացան՝ ինչ կարեւոր տեխնիկա է: Քառօրյայից մեկ ամիս անց այն առաջին փորձարկումն անցավ: «Կամիկաձեն» ստեղծած KBX ընկերության ներկայացուցիչ Արմեն Վարդանյանն ասում է՝ այն ամբողջությամբ նախագծվել եւ արտադրվել է Հայաստանում: Երեւանում ընթացող «ԱրմՀայԹեք 2018» ցուցահանդեսին ընկերությունը մի քանի այլ անօդաչու սարքերի մոդելներ էլ է ներկայացրել: Դրանցից մեկը նախատեսված է 300 կմ/ժ արագությամբ 300 կմ հեռավորություն թռչելու համար, օգտակար բեռը 30 կգ է: Ստեղծվել են նաեւ հետախուզական սարքեր: Ընկերությունում կարծում են, որ Զինված ուժերի հետ համագործակցությունը կօգնի նաեւ արտասահմանյան շուկա դուրս գալ:

Սպառազինությունների եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին հայկական կողմը հպարտությամբ ներկայացնում է նաեւ ինքնակառավարվող տանկը կամ, այսպես կոչված, կամիկաձե ռոբոտը: Դավիթ Նիկողոսյանի խոսքով՝ այն շուրջ 200 կգ ծանրություն ունի, կարող է տանել մինչեւ 300 կիլոգրամ քաշով բեռ: Նշենք, որ «ԱրմՀայԹեք 2018» միջազգային երկրորդ ցուցահանդեսը կփակվի մարտի 31-ին:

Մոսկվան սկսել է զանգվածաբար արտաքսել եվրոպացի եւ ամերիկացի դիվանագետներին: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ, մասնավորապես, ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցները ներառում են նույն թվով՝ 60 դիվանագետների արտաքսում: ԱԳՆ հրավիրված ամերիկյան դեսպան Ջոն Հանթսմանին նաեւ տեղեկացրել են Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ հյուպատոսությունը փակելու մասին: Հիշեցնենք, որ այսպես կոչված «Սկրիպալի գործի» շրջանակում ԱՄՆ-ն էլ արտաքսել էր 60 ռուս դիվանագետների ու փակել Սիեթլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը:

Վաշինգտոնն արձագանքել է այս որոշմանը՝ Մոսկվայի գործողությունները «ցավալի» եւ «անհիմն» որակելով եւ խոստանալով պատասխան քայլեր ձեռնարկել: Մոսկվան, միաժամանակ, Լոնդոնից, որի պատճառով սկսվել է այս ամբողջ իրարանցումը, պահանջել է կրճատել Ռուսաստանում իր դիվանագետների թիվը: Իսկ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպակի դուստրը՝ Յուլիա Սկրիպալը, որը հոր հետ միասին թունավորվել էր անգլիական Սոլսբերիում, կազդուրվում է: Բժիշկները տեղեկացրել են, որ աղջիկն արդեն սկսել է ուտել եւ խմել:

Ֆրանսիայի նախկին նախագահին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել: Հիմա էլ Նիկոլա Սարկոզին դատարանի առջեւ կկանգնի կոռուպցիայի եւ շահադիտական նպատակներով իր դիրքն օգտագործելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի՝ նա փորձել է անօրինական ճանապարհով դատավորից տեղեկություն ստանալ իր դեմ սկսված հետաքննության մասին: Նշենք, որ ֆրանսիական դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է նաեաւ 2007 թվականի նախընտրական քարոզչության ապօրինի ֆինանսավորման եւ պետական միջոցների յուրացման համար: Սարկոզին հերքում է բոլոր մեղադրանքները: Նա դատական վերահսկողության ներքո է:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 3 երեխաների մայր Հասմիկ Սարգսյանին 10 հազար դրամ գողանալու համար 6.5 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս տեղեկությունն արագորեն տարածվեց սոցցանցերում եւ բուռն քննարկման առիթ դարձավ: Մի քանի օր է՝ օգտատերերն իրենց զայրույթն են հայտնում դատավճռի վերաբերյալ եւ հիշեցնում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպը, երբ քրեական պատասխանատվության ենթարկվեց միայն Բուդաղյանների որդին: Վճռին այսօր արձագանքել է գլխավոր դատախազությունը: NEWS.am-ի հետ զրույցում դատախազությունից պարզաբանեցին, որ Հասմիկ Սարգսյանը նախկինում 2 անգամ դատապարտված է եղել բնակարան ապօրինի մուտք գործելու եւ գողություն կատարելու համար, 2 դեպքում էլ պատիժը պայմանականորեն չի կիրառվել: Փորձաշրջանում գտնվելիս էլ հենց 3-րդ անգամ 3 երեխաների մայրն ընկերուհու տնից 10 հազար դրամ է գողացել: Դատարանը սա դիտարկել է որպես ծանրացնող հանգամանք եւ կնոջը 6.5 տարվա ազատազրկման դատապարտել: Ի դեպ, բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողությունը ծանր հանցագործություն է համարվում:

Հայաստանի տարածքում, չնայած առատ տեղումներին, բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Փոխարենն առավոտից փակ էր Վերին Լարսը՝ ե՛ւ բեռնատար, ե՛ւ մարդատար մեքենաների  համար: Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների գործակալությունից հայտնել են ձնահոսքի վտանգի մասին: Ռուսական կողմում 120 մեքենա կար կուտակված: Ավելի ուշ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը թեթեւ մարդատարների համար բացվել է:

Մարտի 30-ին դոլարը փոքր-ինչ էժանացել է, եվրոն՝ թանկացել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 591, ռուբլունը՝ 8 դրամ 36 լումա, ֆունտինը՝ 674 դրամ:

Մարտի 31-ի գիշերը հանրապետության ամբողջ տարածքում, ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես գիշերը տեղումներ կլինեն, ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +7+9, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ