Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով դատական նիստին այսօր՝ ապրիլի 10-ին, ճառով հանդես եկավ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարինե Թովմասյանը նշեց, որ սա այն եզակի դեպքն է՝ ինքը ցավ չի զգում, որ բժիշկներ են ամբաստանյալի աթոռին:

«Բժիշկներ են, որոնք հավատարիմ չեն մնացել իրենց երդմանը, բժիշկներ, որոնք ընդամենն իրենցից մասնագիտական օգնություն խնդրող ծննդկանին չեն օգնել: Մերի Մարգարյանն անբուժելի հիվանդ չի եղել, նրա հիվանդագին վիճակը նույնպես անբուժելի չի եղել: Բոլոր դեպքերում բժիշկները պետք է անեն հնարավորն ու անհնարը, սակայն Մերի Մարգարյանի եւ Մարիա Հարությունյանի դեպքում դա արել են միայն «Էրեբունի» բժշկական կենտրոնում»,- իր ճառում ասաց Մարինե Թովմասյանը:

Տուժող կողմի ներկայացուցչի խոսքով, Մերի Մարգարյանն ու նորածինը ոչ պատշաճ եւ անբարեխիղճ վերաբերմունքի էին արժանացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում: Փաստաբանն այնուհետեւ անդրադարձավ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներին, փորձաքննությունների եզրակացություններին, ապա նաեւ դատաքննության ընթացքում վկաների տված ցուցմունքներին: Թովմասյանի գնահատմամբ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը դատարանում ճիշտ ցուցմունք չի տվել: Նշենք, որ այս գործով ամբաստանյալներն են սույն բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

«Մերի Մարգարյանի մոտ ախտարահարումը չի սկսվել 2015թ.-ի հուլիսի 27-ից, այլ դրանից օրեր առաջ, այդ մասին են վկայել նաեւ մասնագետները: Փորձագետները նույնպես դատարանում նշեցին, որ Մարգարյանին պետք էր հոսպիտալացնել դեռեւս հուլիսի 23-ին, որովհետեւ այդ օրը Մերի Մարգարյանն ունեցել է այն նույն գանգատները, ինչ հուլիսի 26-ին, երբ նրան հոսպիտալացրել են»,- ասաց Մարինե Թովմասյանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչն առանձին անդրադարձավ նաեւ Շուշանիկ Բախշյանի մասնագիտական կրթության մասին հարցին: Նա կրկին պնդեց, որ Բախշյանը մանկաբարձ-գինեկոլոգի 6 ամսվա կրթություն ունի: Թովմասյանի ճառն այսօր կիսատ մնաց, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր: Մայիսի 4-ին նա կշարունակի ճառը, այդ օրը նախատեսվում է նաեւ, որ պաշտպանական ճառերը նույնպես կլինեն:

Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է մեղավոր ճանաչել ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով: Դատախազը պահանջեց մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանին նույնպես մեղավոր ճանաչել սույն հոդվածով եւ դատապարտել 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ ծննդկան Մերի Մարգարյանը մահացել է 2015թ.-ի հուլիսի 29-ին, երկու օր անց էլ նորածին աղջիկն էր մահացել: Գործով կա 2 ամբաստանյալ՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը: Բախշյանը հղիությունը հսկած բժշկուհին է, իսկ Բաբելյանն էլ 2015թ.-ի հուլիսի 25-ին հերթապահը: